հենց այս րոպեից սկսած ես մոռանում եմ թե՛ ինձ հասած անպատվությունը և թե՛ իմ համալսարանական ցնորքները։ Այս օրվանից արդեն ես կմտնեմ դրական կյանքի մեջ և կապրեմ քեզ համար և քեզ հետ միասին՛ մեր ծնողաց համար․․․
Աստղիկը ի նշան շնորհակալության, ջերմագին սեղմեց, սիրելվո ձեռքը և ամբողջ օրը անցուցին նրանք ուրախ տրամադրության մեջ, ուրախացնելով և իրենց մայրերին։
ԻԵ
ԳՈՅՈԻԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅՈԻՆ
Թեպետ Աստղիկը շատ էր աշխատում Պետրոսին և նրա մորը շարունակ զբաղեցնելու, որպեսզի տխուր անցքի ազդեցությունը կարելույն չափ թեթև անցներ նրանց համար, բայց Պետրոսը չկարողացավ երկար ժամանակ արհեստական ճանապարհով ուրախանալ։ Երկրորդ օրվանից արդեն նա զգաց յուր վիճակի ծանրությունը և մտածում էր ինքն իրեն,— «Արտաքսված մեր հարազատ տնից, մայր ու որդի ապավինել ենք մի օտար աղջկան։ Որքան էլ անուշադիր թողնենք մենք բամբասասեր հասարակության խոսքն ու զրույցը, դարձյալ կա մի հարգելի պատճառ, որ պիտի ստիպե մեզ ազատել այս մարդկանց մեր անկոչ ներկայությունից։ Աստղիկը մի խեղճ վարժուհի է, և նրա ստացած համեստ ռոճիկը հազիվ կարող է բավականանալ իրենց անպաճույճ սեղանին։ Մեր այս տան մեջ ապրելը կրկնակի վնաս կարող է հասցնել մեր բարեկամուհիներին․ առաջին՛ որ նրանք ստիպված կլինեն սովորականից ավել ծախսելու և երկրորդ՝ որ իմ ներկայությունը, իբրև մի օտար երիտասարդի, արատ կարող է բերել այս առաքինի աղջկա անվանը։ Բամբասասեր մարդիկ, որոնք իրենց հոգու հանգստությունը զրպարտելու և անվանարկելու մեջ են գտնում, բավական համոզիչ փաստ կարող են ունենալ իրենց ձեռքում խեղճ Աստղիկիս արատավորելու համար։ Եվ մեր դպրոցական վարչությունը, որ երևի