Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻԶ

ԺԱՄԱՆԱԿ է ՊՍԱԿՎԵԼՈՒ

Հետևյալ առավոտվանից Պետրոսը յուր պարապմունքը սկսավ հաշտարար դատարանում և մի քանի օրվա մեջ արդեն յուր բնածին ընդունակությամբ ծանոթացավ բոլոր դատարանական գործերին և սկսավ ուշի ուշով օրինաց գրքերր ուսումնասիրել, որպեսզի յուր պաշտոնին ըստ ամենայնի բարեխղճությամբ ծառայել կարողանա։ Շատ ժամանակ չանցավ նույնպես, որ դատարանի բոլոր ծառայողները պաշտելու չափ սկսան սիրել երիտասարդ ատենադպրին։ Նա բոլորի հետ էլ այնքան քաղցր և քաղաքավարի էր, որ ծառայողներից յուրաքանչյուրը մի առանձին հաճույք էր զգում յուր մեջ նրա պատվերները և հանձնած գործերը ժամանակին և ճշտությամբ կատարելու։ Դատարանի շատ գործեր, որոնք հին ատենադպրի ժամանակից արդեն խառնափնթոր դրության մեջ էին գտնվում (ըստ որում Միկիթ-բեկը վերջին ժամանակներում ավելի հարստանալու ետևից ընկնելով, յուր պաշտոնը գրեթե աչքից թողել էր), Պետրոսի աչալուրջ հսկողությամբ շուտով կարգի բերվեցան և դատարանի վարչական մասը, որ յուր անմիջական հսկողության էր հանձնված, սկսավ լարած ժամացույցի պես գործել կանոնավոր և ճշտությամբ։ Այս բոլորը Ֆերդինանդ Անտոնովիչը նկատելով ուրախանում էր և հաճախակի յուր անկեղծ շնորհակալությունը հայտնում երիտասարդ ատենադպրին։

Պետրոսի գործերը հետզհետե լավանում էին, ժողովուրդը ծանոթանում էր նրան, և ամեն կողմից նա սկսում էր վայելել անկեղծ սեր և հարգանք, մանավանդ յուր ուղղամիտ և անաչառ բնավորության համար, որը, իհարկե, նա ուրիշների նման չէր համեմում անհամբույր կոպտությամբ։

Հորեղբայր Թովմասի տխրության չափ չկար, երբ հանկարծ լսեց նա, թե Միկիթ-բեկը արձակված է պաշտոնից, ա՜յն մարդը, որ յուր աչքում ա՛յնքան հանճարեղ, ա՛յնքան զորեղ և այնքան ամենակարող էր երևում… Եվ ո՞վ կարող էր արձակել նրան պաշտոնից։ Բայց և այնպես իրողությունը