Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց մեջ, որ մեզանից յուրաքանչյուրը, կյանքի ամեն փորձությանց ժամանակ, պարտավոր է անպատճառ նրանցով առաջնորդվել։ Արդարև օրինակ չէ պատահել, որ հայցողը չգտներ և բախողին չբանային․ հարկավոր է, միայն, որ հայցելու, կամ բախելու ժամանակ բավական երկայնամիտ լինի մարդ և առաջին անհաջողությունները չվախեցնեն նրան․

— Այդ բոլորը ճշմարիտ է, սիրելիս, բայց պատահում է ժամանակ, երբ հայցողը չէ գտնում և բախողին չեն բանում: Եթե կյանքը առանց բացառությունների անցներ, այն ժամանակ զգալու համար էլ հարկավոր կլիներ օրենքներ սահմանել․ բայց բացառությունները նույնքան հին են, որքան և մարդու գոյությունը։ Մի՛թե կարծում ես, թե պակա՞ս երկայնամիտ և պակա՞ս հաստատակամ մարդ են գտնվում նրանց մեջ, որոնք կարևոր են համարում կախվել, կամ ատրճանակի օգնությամբ կյանքի դառնություններից ազատվել։

— Ես չեմ կամենում ոչ կախվողների պատմությունը լսել և ոչ նրանց իրավունքները քննել, բոլոր անձնասպաններին էլ ես միօրինակ փոքրոգի եմ ճանաչում,— նկատեց Աստղիկը— իմ խոսքը միայն քո հաջողության մասին էր։ Եվ ի՞նչ, չգտա՞ր, երբ հայցեցիր և չբացեցի՞ն քեզ, երբ բախեցի՚ր։

— Ես այդ չեմ ուրանում։

— ինչպես և չես ուրանալ այն, որ մեզ մոտ եկած առաջին օրն արդեն դու սկսում էիր հուսահատվիր։

— Որովհետև ես համոզված էի, որ ամեն մարդու բախտը չէ ծիծաղում։

— Ավելի լավ էր համոզվել, թե գործելու շնորհք ունեցող մարդիկ չպետք է բախտի զորությանը հավատան։

— Ես փորձում եմ արդեն այդ հանգանակը ընդունել, տեսնենք, թե ապագան ո՞րքան պիտի մեր կարծիքը արդարացնե։

Այսպիսի մի փիլիսոփայական վիճաբանության ժամանակ էր, երբ մի երեկո տիկին Հռիփսիմեն և յուր խնամին ներկայացան միասին փիլիսոփա սիրահարներին։