Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բարեկամները լավ ուրախանան, իսկ թշնամիները լավ ու խիստ տխրեն։

Եվ այդ երեկո միաձայն հավանությամբ որոշվեցավ, որ Վաղվանից արդեն կարևոր պատրաստությունները տեսնվին և մի քանի օրից ետ պսակը կատարվի։

ԻԷ

ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ ԼԱՐՎՈԻՄ ԵՆ

Պ. Թովմասը յուր ժամանակին հայտնել էր Մելքոն- աղային, որ յուր եղբորորդին չէ հոժարում օր. Նատալիայի հետ ամուսնանալու, պատճառ բերելով իբր թե նրա տգեղությունը։ Հայտնել էր նրան նույնպես, որ անհնազանդ տղային պատմելու համար նա արտաքսել էր նրան յուր տնից մոր հետ ի միասին։ Մելքոն-աղան, իհարկե, սիրով չլսեց այդ պատմությունը և հանդիմանեց Թովմասին յուր ստախոսության համար, ըստ որում նա խոստացել և պատվավոր խոսք էր տվել անպատճառ հաջողացնել այդ գործը և սակայն չէր կարողացել։

Բայց ի՞նչ շահ կար Թովմասին հանդիմանելուց. քաղաքի մեջ արդեն աննպաստ լուրեր էին տարածվել խեղճ Նատալիայի համար։ Պատմում էին, թե Մելքոն-աղան խնդրանքով տարել է յուր մոտ Թովմասի եղբորորդուն, ցույց է տվել նրան յուր աղջիկը, խնդրել է ամուսնանալ նրա հետ, բայց երիտասարդը չհավանելով աղջկանը, բացեիբաց մերժել է Խալաթյանի առաջարկությունը։

Սա այնպիսի հարված էր Մելքոն-աղայի պատվին, և այնպիսի անվանարկություն նրա աղջկա համար, որ կամ պետք էր մի կերպով կրկին գործը գլուխ բերել և վերջ տալ բամբասասեր ժողովրդի խոսք ու զրույցին և կամ արժանավոր վրեժխնդրությամբ պատմել հանցավոր երիտասարդին։ Եթե առաջին փորձը չհաջողվեր, երկրորդի համար Մելքոն-աղան բավական ուժ և կարողություն ուներ։ Այդ պատճառով նա չդանդաղեց իսկույն ևեթ գործին ձեռք զարնելու։