Նրանց մեջ ազգակցություն կա, միամիտ եղեք, մանրամասն ճյուղագրությունը ես ինքս կբերեմ ձեզ։
—Բայց եթե այնքան եղավ ազգակցությունը, որ օրենքը չարգելե՞ց նրանց ամուսնանալու...
— Այդ անկարելի է. նրանք պետք է իրարից հեռու լինին մինչև յոթ սերունդ, որ կարողանան իրար հետ ամուսնանալ. այդպես է հրամայում մեզ մեր եկեղեցական կանոնադրությունը. իսկ այդքան հեռավորություն նրանց մեջ չկա, այդ մեկը ես հաստատ գիտեմ։
— Իսկ եթե վե՞ց սերունդ լինի։
— Դարձյալ անկարելի է, որ նրանք ամուսնանան, եկեղեցական կանոնադրության մեջ ուղղակի ասված է յոթ սերունդ, և այս հրամանից իրավունք չունի շեղվելու ոչ մի հոգևորական։
— Օ՜հ, ի՞նչպես արդար և խելացի է այդ օրենքը, ահա թե ինչով կարելի է պահպանել մի ազգի մեջ ճշմարիտ բարոյականությունը...— հիացում կեղծելով բացականչեց Մելքոն-աղան։
— Այո՛, հենց այդ տեսակետից էլ նայել են գործի վերա մեր սուրբ նախահայրերը,— նկատեց լրջությամբ տեր Սարգիսը։
— Իսկ դուք շո՞ւտ կտեղեկանաք այդ բանի մասին,— հարցրեց Մելքոն-աղան։
— Այսօր ևեթ։
— Բայց գուցե նրանք արդեն պսակի հրամանագիր ստացե՞լ են։
—Առանց Կոնսիստորի անդամի գիտության անկարելի է։
Մելքոն-աղայի աչքերը կենդանացան վրեժխնդրության կրակով. այն հույսը, թե նա կարող է խանգարել յուր աղջկանը անպատվող երիտասարդի ամուսնությունը, լցնում էր նրա սիրտը դժոխային ուրախությամբ։
Նա խնդրեց տեր Սարգսին՝ ժամանակ չկորցնելու համար դիմեք շուտով ուր որ հարկավոր է, երիտասարդ Մարաքյանի