Էջ:Muratsan, vol. 2.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է ասել, որ շատ անգամ արգելված պսակները և նրանցից առաջացած անթիվ և անհամար թշվառությունները, մեծ մասամբ և գրեթե ամեն քաղաքում տեղի են ունենում մի քանի չար պառավների շնորհիվ։

Քահանաները, որոնք ամենից ավելի պետք է զբաղվեին իրենց ժողովրդի ազգակցական կապերի ուսումնասիրությամբ, որպեսզի մերձավոր խնամությանց պատճառով տեղի ունեցող բազմաթիվ գժտությունների առաջը կանխավ առնեին, շատ քիչ են ուշադրություն դարձնում այդ կարևոր կետի վերա։ Ահա հենց այդ պատճառով շատ անգամ հրապարակական նշանագրությունները քահանաների համաձայնությամբ կատարվելուց ետ, երբ մի դժգոհ պառավ լույս աշխարհ է հանում վաղուց մոռացված ազգակցական մերձավորության գոյությունը, իսկույն խափանվում է պսակի գործը, և երկու կողմի բարեկամները, որոնք միմյանց հետ կապված են լինում արդեն անբաժանելի սրտակցությամբ և ամենաքնքուշ սիրով, ստիպված բաժանվում են միմյանցից։ Ավելի զգայուն սրտերի մեջ, իհարկե, այդ բաժանումը տեղի է ունենում շատ անգամ ողբերգական վախճանով, որ ձգում, բերում է յուր ետևից թշվառությունների մի ամբողջ շարք:

— Դու ամեն բանի տեղյակ ես, Մարի,— ասաց տեր հայրը պառավին, երբ վերջինս հրավիրեց քահանային յուր առանձնարանը,— հարկավ տեղյակ էլ կլինես օրիորդ Աստղիկի և Պետրոս Մարալյանի ազգակցական մերձավորությանը։ Հապա ասա ինձ, ի՞նչ ազգակցություն ունին նրանք իրար հետ։ Սրբազանը այդ տեղեկությունը պահանջել է ինձանից, բայց ես այդ մասին հաստատ բան չգիտեմ. այդ պատճառով դիմել եմ քեզ։

— Օր. Աստղիկի մասին ես մի բառ անգամ չեմ խոսիլ. իմ լեզուն նրա համար չպետք է խոսե...

— Ինչո՞ւ,— զարմացմամբ հարցրեց տեր Սարգիսը։

— Օ՜, ես ատում եմ այն աղջկանը, ատում եմ ինչպես իմ սատանային...

Տեր Սարգիսը մի նոր բարեկամ վաստակեց։