Էջ:Muratsan, vol. 2.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակոտ աչքերը, որոնք հովանավորված էին երկարատեգ արտևանունքներով, մերթ ընդ մերթ նայում էին դեպի դահլիճի չորս բոլորքը, որտեղ հարյուրավոր աչքեր հիացմամբ դիմում էին իրեն, երբեմն էլ այդ հայացքները ետ մղելու համար գեղանի օրիորդը ծածկում էր յուր դեմքը փղոսկրյա հովհարով, որի քնքշիկ շարժումներից ծածանում էին գեղեցիկ գանգուրները յուր սպիտակափառ ճակատի վերա։

Մանկամարդ իշխանուհին դեռ ժպտադեմ և շնորհաշուք խոսակցում էր տիկին Սիմբրյանի հետ, երբ վերջնոյս ամուսինը յուր թևն առած երիտասարդ Մաշտոցյանին, մտավ դահլիճը։

-Ո՞ւր է գեղեցիկ աղջիկը,- հետաքրքրությամբ հարցրեց երիտասարդը։

-Ահա՛, մեր դիմաց,— մատնացույց արավ դեպի նրան Սիմբրյանը։

Երիտասարդը տեսավ գեղեցկուհուն թե չէ, քնից զարթնածի նման խլեց յուր ձեռքը Սիմբրյանի թևից և մի քանի քայլ առաջ անցավ դեպի գեղանին։

-Ի՞նչ պատահեց քեզ, գժվեցար,— ծիծաղելով հարցրեց Սիմբրյանը։

-«Աստված իմ, սա այն աղջիկն է, ճիշտ ա՜յն աղջիկը»,— շշնջաց ինքն իրեն երիտասարդը, ուշ չդարձնելով Սիմբրյանի խոսքերին։

-Ո՞ր աղջիկը, մի՞թե դու նրան ճանաչում ես,— հարցրեց կրկին Սիմբրյանը։

-Այո՛, ես այդ աղջկան տեսա երեք տարի սրանից առաջ Օրիորդական գիշերօթիկում. ես տեսա նրան մի օր, և էլ այնուհետև ոչ մի տեղ չկարողացա տեսնել. նրա գեղեցիկ դեմքը ես մինչև այսօր էլ հիշում եմ, նույնն է, ինչ որ էր երեք տարի սրանից առաջ, նա գրեթե չի փոխվել։

-Ուրեմն դու տեսել ես իմ քրոջ աղջկան դեռ իմ ցույց տալուց առաջ։

-Ների՛ր ինձ, խնդրում եմ, այս գեղանին տեսնելուց ետ, ես էլ ոչ մի աղջկա անուն լսել չեմ կարող, ես պետք է իմանամ, թե ո՞վ է այս դիցուհին և նրա ետևից պիտի գնամ