գումարել այդ խնդիրը քննելու համար, որովհետև, ինչպես տեր Սարգիսը ասաց, մեր ամենից հարգված տեր Գարեգին քահանան հակառակում է օրենքին։
— Ես երբեք չեմ հակառակել օրենքին և չեմ կարող հակառակել մինչև անգամ եթե իմ իշխանավորը ինձ հրամայե այդ,— նկատեց տեր Գարեգինը։— Բայց ես գերադասել եմ չվիրավորել իմ խիղճը, քանի, որ ակնհայտնի տեսնում եմ, թե օրենքը դրանով ոչ մի զրկանք չէ կրում։
— Այդ դեռ հետո կապացուցվի,— խորհրդավոր ակնարկությամբ նկատեց Սրբազանը, չկամենալով վեճի բռնվել յուր ստորադրյալի հետ,— ես արդեն հրամայեցի բարեկարգչին, որ այս երեկո անպատճառ կազմե այդ ժողովը, քննել տա վեճի առարկա դարձված խնդիրը և վաղ առավոտյան բերե ինձ ժողովի վճիռը։
— Ուրեմն մի վերջնական պատասխան ստանալու համար ես պիտի ներկայանամ ձեզ մի օրից ետ,— հարցրեց Պետրոսը Սրբազանին։
— Այո՛, որդի, ձեր գործը այնպիսի մի գործ է, որ մի ժամվա մեջ ավարտել չենք կարող. մի փոքր շտապելը մեծ պատասխանատվության կարող է ենթարկել թե ձեզ, թե՝ ձեր քահանային և թե՝ մեր հոգևոր ատյանը։ Հետևապես որքան զգուշությամբ ավարտենք նրան, այնքան ավելի ազատ կլինենք պատասխանատվությունից, մանավանդ այժմ, երբ էջմիածնից խիստ հրամաններ են ստացված։
— Թող ձեր սրբազանության հրամանը կատարվի, մենք դրա դեմ ոչինչ չունինք,— համեստությամբ պատասխանեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս գնաց առաջնորդական ընդունարանից։
Լ
ԺՈՂՈՎԻ ՎՃԻՌԸ
Տեր Սարգիսն ու բարեկարգիչը Սրբազանի մոտից դուրս գալով, մի փոքրիկ խորհուրդ արին, որ ըստ երևույթին հետևանք