չթափե յուր բարիքը… Բայց մենք, որ ապրում ենք ժողովրդի մեջ, մենք, որ ամեն օր մասնակից ենք նրանց տրտմությանն ու ուրախությանը, և այդ պատճառով ավելի լավ ենք ճանաչում ժողովրդի ցավերը և դրանց դարմանները, մենք պարտավոր ենք ավելի մեղմ և ավելի զիջանող լիներ: Օրենքը մի սուր է, որի մի կողմը բութ և մյուսը հատու է. եթե մենք ժողովրդի չարը չենք կամենում, ուրեմն պետք է սրի ա՛յն կողմովը հարվածենք նրան, որ ցավը զգալի է անում մարմնին, բայց կենդանությունը նվազեցնող արյուն չէ հանում նրանից։
Տեսնո՞ւմ եք, թե ինչպես հետզհետե նվազում է ամուսնացող երիտասարդների թիվը. աղջիկները բազմանում են օրեցօր, անբարոյականությունը վարակում է ժողովրդի կազմը… Ամեն երկրներում հնարներ են մտածում ընտանեկան կյանքի մեջ կենդանություն և ուժ ներշնչելու համար՝ ամուսնությունը դյուրին պայմանների մեջ դնելու, մինչև անգամ կաթոլիկ եկեղեցին, որ հայտնի է յուր ավանդական խստությամբ, ամուսնությունը սկսեց թույլատրել երկրորդ և ամենահեռուն՝ երրորդ սերունդից։ Բայց մեզ մոտ դեռ նոր են յոթերորդ սերնդի համար հրամաններ խմբագրում։ Ես ինքս ձեզանից ավելի նախանձախնդիր եմ հայ եկեղեցու ավանդական սովորությունների պահպանության, և այդ դուք ինքներդ կարող եք վկայել, սակայն ինչ ամուսնական խնդրին է վերաբերում, այդտեղ ես մի փոքր տարբեր կարծիք ունիմ. պետք է դյուրացնել երիտասարդների ամուսնական գործը. որովհետև նա արդեն խանգարման և քայքայման է մոտենում…
— Այդ բոլորը լավ. այսուամենայնիվ դուք օրինաց հակառակ եք խոսում,—նկատեց նախագահը.— մենք օրենք խմբագրողներ չենք, այլ գործադրողներ։
— Ճշմարիտ է խոսում բարեկարգիչ հայրը. մենք ձեզ հետ համաձայնել չենք կարող,— հարեց տեր Սարգիսը։
— Այո՛, այո՛, մենք չենք կարող համաձայնիլ ձեզ հետ,— ձայն տվին մյուս քահանաները և բոլորը միասին վեր կացան աթոռներից։