Էջ:Muratsan, vol. 2.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Մերոնց էլ պսակողը դուք չե՞ք, դուք էլ քանդեցեք արգելքը։

— Օ՜, եթե իրավունքը միայն իմ ձեռքում լիներ, այն ժամանակ ես կիմանայի, թե ո՞ր օրենքով գործը կավարտեի. բայց դժբախտաբար այստեղ թշնամիները ավելի զենք ունին, քան թե ես, որ ձեր միակ բարեկամն եմ։

— Ուրեմն պետք է անմռունչ հնազանդի՞նք ձեր ժողովի վճռին,— հարցրեց վերջապես Պետրոսը տեր Գարեգինից։

— Գոնե առայժմ ուրիշ ելք չկա։ Բոլոր քահանաները միաբերան վճռեցին չհաս անել ձեզ։

— Բոլոր քահանանե՞րը… Բայց ովքե՞ր են դրանք, միթե իմ սիրտը նրանց կամքո՞վ է սիրել այս հրեշտակին և նրանց հրամանով պիտի ատե՞ սրան…

— Ի՞նչ ժողով, ի՞նչ քահանաներ, այդ ի՞նչ բաներ են անցել, և դուք մեզ ոչինչ չեք հայտնել,— զարմացմամբ և երկյուղով հարցրեց Աստղիկը։

— Այո՛, Սրբազանի հրամանով երեկ երեկոյան քահանաների ժողով կար հոգևոր ատյանում, որ պիտի քններ ձեր պսակի խնդիրը, նրա հաս կամ չհաս լինելու մասին,— ասաց տեր Գարեգինը.— և ահա այդ ժողովն էլ մերժեց երեկ` ինձ հրամանագիր տալու համար իմ առաջարկած խնդիրը։

— Մերժե՞ց… և հրամայում է ուրեմն, որ մենք բաժանվի՞նք…- դառը ժպիտով հարցրեց օրիորդը։

— Մերժումը այդ է նշանակում։

— Բաժանվի՜լ… և ո՞ւմնից, իմ Պետրոսի՞ց, օ՜, օ՞… և ինչպե՜ս շուտ, ինչպե՜ս հեշտ վճռում են այդ հոգևոր հայրերը…— դողացող ձայնով բացականչեց օրիորդը և ապա մոտենալով երիտասարդին, քնքշաբար պատեց նրա վզով յուր բազուկները և յուր սիրալիր հայացքը նրա աչքերին ուղղելով, գրեթե ինքն իրեն մոռացած սկսավ խոսել.

— Տեսնո՞ւմ ես, սիրելիս, թե ի՞նչ են հրամայում մեզ… բաժանվել, և ի՞նչ կարող ենք անել, իհարկե պիտի բաժանվինք, այնպես չէ՞… պիտի մոռանանք միմյանց, պիտի էլ չտեսնենք իրար… Այո, էլ չպիտի սիրես դու ինձ և ես չպիտի պաշտեմ քեզ… օ՜, ինչպես անագորույն վճիռներ են կարդում մեր գլխին, և ինչպե՞ս բախտավոր են նրանք, որոնք