պսակվելու, թե՞ ստիպել ինձ օտար եկեղեցու գիրկը դիմելու, որովհետև ես իմ հարսնացուից բաժանվելու միտք չունիմ։
-Պետրե, Պետրե, այդ ի՞նչ ասացիր դու, միթե հավատամ ես իմ ականջներին…— կարծես քնից սթափվելով բացականչեց օրիորդը.— այդ դո՞ւ ասացիր, թե օտար եկեղեցու գիրկ կդիմես… ետ առ խոսքդ, ետ առ, ապա թե ոչ ես այս րոպեից արդեն կարհամարհեմ քեզ…
— Էլ ուրիշ ի՞նչ ելք է մնում ինձ, Աստղիկ, մի՞թե կարող եմ ես բաժանվել քեզանից…
— Դու ինքդ մոռացել ես քեզ, Պետրե, այդքան թուլություն ես քեզ չեմ ներում,— կրկնեց օրիորդը,— եթե դու չես կարող բաժանվել մի աղջկանից, որին սիրում ես, ի՞նչպես կարող ես ուրեմն բաժանվել այն եկեղեցուց, որ քեզ ծնել և սնուցել է, ի՞նչպես կհամարձակվես անարգել այն եկեղեցին, որ քո ազգի միակ հույսը և ապավենն է, միակ հարստությունը և պարծանքն է, որին պահպանելու համար քո նախահայրերը արյուն են թափել, ընտանիքներ են զոհել, իսկ դու, օ՜հ, ամաչում եմ ասել, դու մի աղջկա սերն անգամ դժվարանում ես զոհել… Եվ ի՞նչ, դու կարծում ես, թե ես այնքան ստոր կլինեմ, որ դարձյալ կշարունակեմ սիրել քեզ, երբ կտեսնեմ քեզ հայ եկեղեցուց օտարացած։ Մի՛ սխալվիլ, Պետրե. կանայք դյուցազներին են սիրում, գաճաճների համար նրանք սիրտ չունին…
— Բայց ի՞նչ ես հրամայում ինձ որ անեմ, Աստղիկ, այն օրը, որ կվճռվի իմ և քո բաժանումը, այն օրը էլ ես չպիտի շնչեմ այս աշխարհի օդը…
— Ես դեռ իմ հույսը չեմ կտրում, իսկ դու որ տղամարդ ես, ինձանից ավելի քաջություն պիտի ունենաս։ Մենք դեռ կաշխատենք անիրավ ճակատագրի դեմ մաքառելու. եթե մեզ բախտը չի հաջողիլ, այն ժամանակ կմտածենք, թե ինչ պիտի անենք, եկեղեցուց վրեժ առնելու իրավունք չունինք։ Ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե ամեն մի դժգոհը օտար եկեղեցու գիրկը վազե։ Մի՞թե հայ եկեղեցին պատասխանատու է յուր պաշտոնյայի անիրավություններին։ Եթե մենք զարգացածներս քաջություն չունինք փորձությունների ժամանակ