Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր եկեղեցուն հավատարիմ մնալու, ի՞նչ իրավունքով ենք մենք սինլքոր խուժանը դատապարտում… Եթե քո եկեղեցու օրենքը հրամայում է քեզ մեռնել, մեռի՛ր, և ամոթ՛ մի բերիլ նրան, այս է դյուցազնական ազնվությունը և այս բարեմասնության տիրապետը միայն իրավունք ունի սիրելու… Պետրոսը գլխիկոր լսում էր սիրուհուն, և երբ նա ավարտեց, բարձրացրեց աչքերը, նայեց նրա դեմքին, որ այդ րոպեին վառվում էր վարդագույն կրակով և մեղմ ձայնով ասաց.

— Քո հանդիմանությունները իրավացի են, Աստղիկ, իմ խոսածները արդարև հիմարություններ էին. ես ներողություն եմ խնդրում։ Երբ մարդ անձնատուր է լինում բարկության, շատ հազիվ է պատահում, որ նա իմաստուն վճիռներ դնե։ Իհարկե, ես այդ խոսքերը ասացի միայն ասելու համար, ապա թե ոչ խոսքից մինչև գործը անցնելը բավական ճանապարհ կա և քիչ է պատահում, որ զայրույթի սաստկությունից անզգայացած խոհականությունը չզարթնի այդ ճանապարհի վերա։ Մի՞թե հավատում ես, թե ես կստորանայի՞ այդ աստիճան, քանի որ ստորանալուց առաջ կարելի է պատվով հրաժեշտ տալ աշխարհին… Ուրեմն թող բուժվին քո զգացմունքները, եթե ես անխոհեմաբար վիրավորել եմ նրանց։

—Դու միշտ նույն սիրտն ունիս, Պետրե, մի վայրկյան անգամ ես իրավունք չունեի նրա ազնվության վերա կասկածելու. ուրեմն դու էլ ինձ նեիիր, որ ես սառնությամբ հանդիմանեցի քեզ։

— Աստված ձեզ երկուսին միմյանց համար է ստեղծել,— խոսեց վերջապես և տեր Գարեգինը, որ մինչև այն լուռ նստած լսում էր երկու սիրահարների խոսակցությունը.— մարդիկ իզուր են աշխատում բաժանել ձեզ միմյանցից։ Ես հոժարությամբ կզոհեի ձեր բախտավորության համար իմ քահանայական կոչումը, եթե գիտենայի, թե չարասիրտ մարդիկ դարձյալ չեն խանգարիլ ձեր երջանկությունը։

— Ո՛չ, ով որ նշանակված է զոհվելու, նա ինքն էլ կզոհվի,— նկատեց Աստղիկը.— դուք պարտավոր եք անկորուստ պահել այն հարստությունը, ինչ որ ձեր սեփականությունը