քո հորեղբոր հետ։ Ես վաղուց գիտեի, որ այս գործը փողի պատճառով է ուշանում։ Տեսնո՞ւմ ես բարեկարգիչը ինքն էլ չէ քաշվել քեզ յուր միտքը բացարձակ հայտնելու, ուրեմն այժմ քեզ ուրիշ ոչինչ չէ մնում, բայց եթե ուղղակի գնալ Թովմասի մոտ, հայտնել նրան քո դրությունը և օգնություն խնդրել նրանից։ Թովմասը, ճշմարիտ է, բարկացկոտ մարդ է, բայց նա միևնույն ժամանակ շուտ զղջացող է: Մեր մի քանի բարեկամներին արդեն նա խոստովանել է, որ շատ է ցավում յուր անսիրտ արարմունքի վերա և պատրաստ է մեզ հետ կրկին հաշտվելու, եթե միայն մենք կդիմենք նրան։
— Հաշտվե՞լ Թովմասի հետ, այդ ի՞նչ խորհուրդ ես տալիս ինձ, մայրիկ,— վշտացած խոսեց Պետրոսը.— միթե կարո՞ղ եմ ես այս աստիճան ստորացնել ինձ, դու երևի մոռացել ես քո տագեր կոպիտ խոսքերը.— «Այսօր ևեթ թողեցեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով». այսպես հրամայեց նա մեզ և անխղճաբար դուրս արավ նա յուր տնից. և այդ ա՛յն ժամանակ, երբ մենք մի օգնական և ապավեն չունեինք, երբ ես իմ գրպանում մի հատիկ սև փող չունեի… Այժմ դու կամենում ես, որ ես հաշտվի՞մ նրա հետ, մի՞թե ամոթ չկա իմ երեսին, թե՞ իմ պատվասիրությունը վաճառե՞լ եմ ես փողոցում… Չէ, մայրիկ, չէ, ես Թովմասի հետ հաշտվող չեմ. ուրիշ օգտավետ խորհուրդ թե գիտես. տուր, ես կլսեմ քեզ, բայց հաշտվել իմ հորեղբոր հետ, երբե՛ք։
— Ի՞նչ պիտի անես ուրեմն, պիտի բաժանվե՞ս քո հարսնացուից,— հարցրեց տ. Հռիփսիմեն։
— Իհարկե ոչ։
— Բայց որ հրամայում են քեզ բաժանվել։
— Հրամայում են, բայց չեն ստիպում. ուրեմն քանի որ դեռ ուժ ունիմ ես կմաքառեմ իմ հակառակորդների դեմ. երբ այդ ուժը կսպառի և հակառակորդները կստիպեն ինձ իմ հարսնացուից բաժանվելու, այն ժամանակ կմտածեմ ինձ ստորացնելու վերա։
— Հռիփսիմեն վատ խուրհուրդ չէ տալիս քեզ, Պետրե, լսի՛ր նրան, — նկատեց տ. Եղիսաբեթը.— քո հորեղբոր հետ հաշտվելով, դու բոլորովին չես ստորացնում քեզ, որովհետև