հորեղբայրը օտար չէ և եթե մինչև անգամ ներողություն խնդրելով ձեռք բերես դու այդ հաշտությունը, դարձյալ դու քեզ ոչնչով ստորացրած չես լինիլ:
— Չէ, մայրիկ, երբ մեջտեղ փող խնդրելու հարց կա, անկարելի է արդեն, որ այդ հաշտությունը տեղի ունենա,— նկատեց Աստղիկը ,— ես ինքս անգամ խորհուրդ չեմ տալ Պետրոսին հաշտվելու այդ դեպքում յուր հորեղբոր հետ. ինչ լինելու է, թող լինի, մուրանալով բախտավորվիլ հավասար է մի դժբախտության…
— Շնորհակալ եմ, Աստղիկ,— զգացված պատասխանեց Պետրոսը,— դու խոսում ես ա՛յն՝ ինչ որ իմ հոգին է մրմնջում. այս անել դրության ժամանակ, երբ մոտալուտ թշվառության երկյուղը ապառնում է սրտիս մեջ հուսո վերջին նշույլները, քո այդ խոսքերը մխիթարում են ինձ։ Ես էլ չեմ վախենում ապագա դատապարտությունից, որովհետև դու արդեն ներում ես ինձ, որ ես անսիրտ մարդիկներից բախտ չեմ մուրանում…
— Ես մինչև անգամ գովում եմ այդ քո վարմունքը,— նկատեց օրիորդը.— պատվասիրությունն էլ մի առաքինություն է, մանավանդ եթե մարդ յուր ընկերին վնասելու գնով չէ ապահովում նրան։
— Եվ դու, ես կարծում եմ, քեզ ինձանից բաժանված մի ընկեր չես ընդունում, այնպես չէ՞։
— Քավ լիցի. այդ զոհաբերությամբ դու պահպանում ես նաև իմ պատիվը։
— Ուրեմն վճռված է. ես իմ հորեղբոր հետ նոր հաշիվ չպիտի ունենամ…
Այս որոշումից ետ անցան մի քանի օրեր։ Պետրոսը տեր Գարեգինի խորհրդով կրկին անգամ դիմեց Սրբազան առաջնորդին, խնդրելով նրան հետս կոչել յուր վճիռը և հրաման տալ իրեն պսակվելու։ Սրբազանը բացեիբաց մերժեց նրա խնդիրը, առարկելով, թե մի անգամ արդեն հրաման արձակելուց ետ՝ այլևս չէ կարող հակառակ կարգադրություն անել։ Բայց խորհուրդ տվեց Պետրոսին առանձին—առանձին համոզել քահանաներին և նամանավանդ բարեկարգչին, որ նոր համախոսություն կայացնեն իրենց մեջ և առաջարկեն