այն իրեն՝ Սրբազանին. «Այս ճանապարհով գուցե կարողանամ նորեն շտկել գործը»,— խորհրդավոր ակնարկությամբ ասաց նրան Սրբազանը։
Բայց Պետրոսը այս խորհրդի բուն միտքը չհասկանալով, բավականացավ միայն քահանաներին նորեն հին խնդիրը կրկնելով։ Եվ որքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունն ու զարմանքը, որ քահանաներից ոչ ոք ընդդեմ չցույց տվեց իրեն Պետրոսի ցանկությանը։
Տեր Հովսեփը մեծ պատվով ընդունելով Պետրոսին, ասաց, որ ինքը առաջին օրն իսկ հորդորել է տեր Սարգսին ու տեր Գարեգինին մասնավոր զիջումներ անել իրար և գործը գլուխ բերել մի կերպ, և այժմ շատ ցավում է, որ տեր Սարգսի համառությունը դժվարացրել է գործի դրությունը։ Այսուամենայնիվ՝ «Ես պատրաստ եմ իմ ստորագորւթյունը դնել համախոսական թղթի վերա,— ասաց նա,— եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ ընկերանալու»։
— Տեր Օհանեսը հայտնեց, որ ինքը ոչ միայն դատապարտում է քահանայական ժողովի վճիռը, այլ մինչև անգամ զարմանում է Սրբազանի միամտության վերա, որ նա տեր Սարգսի սուտ օրինասիրությանը համակերպելով, վեցերորդ սերնդի մեջ չհասություն է որոնում և համաձայն այդ մերժման հրաման արձակում։ «Մի րոպե անգամ ես չեմ դանդաղիլ իմ ստորագրությունը տալու,— ասաց նա վճռական եղանակով,— եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ հետ»։
Տեր Խաչատուրը, որ Պետրոս-բեկին ընդունելու համար մինչև սանդուղքի վերջին աստիճանն էր իջել, անկեղծաբար խոստովանեց, որ ինքը պատրաստ է մինչև անգամ Վեհափառի առաջ Պետրոս-բեկի իրավունքը պաշտպանելու, ըստ որում եկեղեցական պատմությունից անգամ օրինակներ գիտեր, որ հայոց եկեղեցին վեցերորդ սերնդի մեջ չհասություն չէ ճանաչում և որ տեր Սարգսի արածը թշնամական մի գործ է ընդունում։ «Բայց և այնպես, դժվար է առաջնորդի հրամանին ընդդիմանալ,— ասաց նա,— որովհետև այս Սրբազանը մի քիչ խիստ և մի քիչ էլ բարկացկոտ է։ Այսուամնայնիվ, եթե մյուս քահանաները կհոժարին նոր համախոսական