որ ուղիղ երեսուն տարի նա տիրացություն էր անում Վարի-Թաղի եկեղեցում և քահանա ձեռնադրվելու մասին յուր ղրկած բոլոր խնդիրները, որոնք միշտ ոչինչ խոստացող բնավորություն էին ունենում, մնում էին անպատասխան:
Բայց տեր Գարեգինը սիրում էր տիրացուին ինչպես ճշմարտախոս մարդու, այդ պատճառով էլ Պետրոսը մեծ հետաքրքրությամբ լսեց նրա պատմածները։
«Ես հիսունևհինգ տարեկան եմ, բարեկամ, բայց անիրավության քայլերը ճանաչելու համար դեռ չեմ կորցրել երիտասարդական ուշիմությունս,-այսպես սկսավ տիրացուն յուր ողջույնը։-Ամբողջ քաղաքի մեջ խոսում են մի շատ մերձավոր խնամության մասին, որը իբր թե ջերմեռանդ օրինասիրությունից դրդված արգելում է արժանապատիվ տեր Սարգիսը։ Այդ զրույցը, իհարկե, վերաբերում է ձեր և օր. Աստղիկի ամուսնության։ Բայց հիմար գլուխներն են միայն տեր Սարգսին օրինասեր մարդ ճանաչում։ Տիրացու Հակոբը ամեն բան դիտում և ամեն բան տեսնում է։ Ես թեպետ դեռ չեմ կորցրել քահանայանալու հույսս, այսուամենայնիվ բացարձակ կքարոզեմ այն, ինչ որ հաստատ գիտեմ։ Տեր Սարգիսը ընդդեմ էր ձեր ամուսնության երկու գլխավոր պատճառներով, որոնք վերաբերում էին յուր անձնական հաշիվներին։ Դրանցից առաջինը զուտ շահասիրական էր, իսկ երկրորդը՝ վրեժխնդրական։ Շահասիրականը այն էր, որ Մելքոն Խալաթյանը հինգ հարյուր ռուբլու գրավիչ վարձատրություն է խոստացել նրան այն մերժման հրամանագրի մասին, որը արձակել է արդեն Սրաբազանը ձեր պսակը արգիլելու համար։ Այդ հրամանի պատճենը անցյալ օրը արժանապատիվ հայրը տարավ Խալաթյանին և ինչպես իմ մի մտերմից իմացա, ստացավ յուր արդար վարձատրությունը։ Վրեժխնդրականը այն էր, որ դեռ երկու տարի առաջ տեր Սարգիսը մի անգամ յուր կես-ապուշ որդուն ղրկել էր օր. Աստղիկի տունը՝ օրիորդին տեսնելու և նրան հավանելու համար։ Կես-ապուշին ընդունել էին իբրև այցելու և այնպես էլ ճանապարհ դրել։ Բայց հետո երբ տեր Սարգիսը անձամբ ներկայացել էր տ. Եղիսաբեթին և պաշտոնապես խնդրել նրա դստեր ձեռքը յուր խելոք որդու համար, նրան փառավորապես