Այո՛, իմ արածները աններելի հանցանքներ են. մի՞թե հասարակությունը կարո՞ղ է քննել մեր սրտի խորքերը, և գիտե՞ արդյոք, թե որպիսի՞ սրբությամբ են ապրում միմյանց հետ այդ դժբախտ սրտերը. իհարկե ոչ. բայց նա դատապարտում է մեզ, այդ նրա անբռնաբարելի իրավունքն է…»։
— Այսպես շարունակել անկարելի է, Պետրե,— ասաց մի օր Աստղիկը երիտասարդին,— երևի աստված մեզ միմյանց համար չէ ստեղծել, որ նա թույլ է տալիս անսիրտ մարդկանց մեր ուրախությունը խանգարելու, մտածենք ուրեմն մի նոր հնար այս տխուր դրությունը բարեփոխելու: Տեսնո՞ւմ ես, մեր պատճառով տանջվում են նաև մեր մայրերը, բայց նրանք այսուհետև գոնե իրավունք ունեին կյանք վայելելու, որովհետև երկար ժամանակ դժբախտ են ապրել.
— Ինչո՞վ կարող ենք այս տխուր դրությունը բարեփոխել, չգիտեմ, մտածելու ընդունակությունս էլ ես կորցրել եմ. խոսիր դու ինքդ, առաջարկիր ի՛նչ կամենում ես, ես դիմադրելու էլ ուժ չունիմ այժմ,— տխրությամբ պատասխանեց Պետրոսը։
— Մենք պետք է հեռանանք միմյանցից. խոհեմությունը այդ է պահանջում…
— Հեռանա՞նք… մե՞նք, միմյանցից… օ՜հ, Աստղիկ, այդ դո՞ւ ես ասում, հեռանալ… մի՞թե այդ բառը կարողանո՞ւմ են քո շրթունքները արտասանել…
— Ուրիշ ի՞նչ ելք է մնում մեզ, Պետրե։ Քանի որ ժողովրդի բարօրության մասին մտածողները, իրենք են նրանց դժբախտացնելու համար ճանապարհ հարթում, ի՞նչ կարող է անել այդ բռնության դեմ մասնավոր անհատը, որի ուժը շատ անգամ յուր գոյությունը պահպանելու համար էլ չէ բավականանում…
— Ի՞նչ գործ ունինք մենք ժողովրդի բախտը կառավարող անձանց հետ. թող մեռյալները իրենց մեռելները թաղեն. ո՞վ կարող է և ո՞վ իրավունք ունի մեզ խանգարելու. ապրենք միասին, ապրենք միմյանց համար…
— Ես քեզ հասկանում եմ, Պետրե, բայց այդ անկարելի է։
— Անկարելի՞. և ինչո՞ւ համար։