Էջ:Muratsan, vol. 2.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զգույշ պետք է վարվել նրա հետ։ Այն մարդիկ, որոնք իրենց զվարճության և զգայական կյանքի համար գիտակցաբար ոտնակոխ են անում հասարակության սրբություններր և անպատկառ վարմունքով ծաղրում են նրա բարոյականությունը. նրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդկային ցեղի մարմնացյալ ապականություններ, որոնց յուր մեջ ապրեցնել չի հոժարիլ ոչ մի պատվասեր հասարակություն։

— Բայց մեզ մոտ այդպիսիները ոչ միայն ապրում են, այլև առաջնորդում են ժողովրդին, ուրեմն չարժե այդքան էլ նշանակություն տալ այս հասարակության կարծիքներին։

— Չէ, Պետրե, հասարակության անտարբերությունը չպետք է խրախուսե մեզ նրա օրենքները անպատվելու։ Երկյուղած մարդու համար սրբության բեկորները պաշտելի են նույնիսկ անարժան վայրերում։ Մենք պետք է հարգենք հասարակական օրենքները ոչ թե նրա համար, որ նրանք հասարակությանն են պատկանում, այլ որովհետև նրանք այդ հասարակությանը բարոյականություն են քարոզում։ Այդ օրենքներին ենք պարտական, որ մարդիկ գազանների հետ չեն ապրում անտառներում… Այդ օրենքներին ենք պարտական, որ ընտանիքի պատիվը զենքերով չենք պաշտպանում…

— Ուրեմն, մենք մեր ձեռքով մեր արևը խավարեցնե՞նք։

— Ավելի լավ է այդպես անել, քան թե հասարակական բարոյականությունը խախտել, ես չեմ կարող ստորացնել ինձ մինչև այն աստիճան, որ փողոցի անցորդներն անգամ իրավունք ունենան ինձ ծաղրելու։

— Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է ապրել, քան թե ծաղրելուց վախենալ։

— Իսկ ես, ընդհակառակը, ավելի լավ եմ համարում մեռնել, քան թե ծաղրելի դառնալ։

— Ա՞յդ է քո համոզմունքը։

— Այո՛, այս է և իմ վերջին վճիռը…

Պետրոսը լռեց և գլուխը կրծքի վերա կախելով ընկավ մտածմունքների մեջ։ Աստղիկը նույնպես հետևեց նրա օրինակին։ Երկար ժամանակ մնացին սիրահարները այդ դրության մեջ։ Վերջապես վերկացավ տեղից Պետրոսը և վճռական ձայնով բացականչեց.