Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդի երևալը մի հանկարծական ուրախություն պատճառեց հորեղբորը։

— Պետրե, սիրելի որդի, վերջապես դու հիշեցիր ինձ,— բացականչելով Թովմասը դիմեց դեպի եղբորորդին և ջերմությամբ գրկեց նրան։

Պետրոսը զբացվեցավ հորեղբոր սրտագին ընդունելությամբ և սիրով համբուրվեցավ նրա հետ։

— Ի՞նչպես պատահեց այս, Պետրե, որ դու հիշեցիր քո հորեղբորր,— հարցրեց Թովմասը եղբորորդուն, նստեցնելով նրան յուր կողքին։

— Կարիքը ստիպեց ինձ ձեզ դիմելու,— անկեղծությամբ պատասխանեց Պետրոսը

— Իմ բոլոր կարողությունը քոնն է, որդի, քանի որ դու եկել ես ինձ մոտ, ես էլ ոչինչ ցավ չունիմ ասա ինձ, ինչո՞վ կարող եմ ես օգնել քեզ։

Պետրոսը պատմեց հորեղբորը յուր երկրորդ դժբախտության մանրամասն պատմությունը, սկսած այն օրից, որ նա թողեց հորեղբոր տունը մինչև այն րոպեն, որ նա կրկին ներս մտավ այդ տան դռնով։

— Պետրե, Պետրե, դու այդպիսի ցավ ես ունեցել և հորեղբորդ չե՞ս հայտնել զգացված բացականչեց Թովմասը.— միթե ես այնքան անգո՞ւթ կլինեի, որ մերժեի քեզ այդ չնչին գումարը. հապա ո՞ւմ համար եմ ես պահում իմ հարստությունը։

— Ների՛ր, հորեղբայր. այժմ էլ իմ նեղ դրությունն է ստիպել ինձ, որ մի անգամ քո հրամանով այս տանից արտաքսվելուց ետ ես դարձյալ դիմել եմ ձեզ…

— Իրավունք ունիս, որդի, իրավունք ունիս, ես մի անիծված մարդ եմ, բայց և այնպես դու պիտի ներես քո հորեղբորը. նրա սիրտը այնքան էլ անողորմ չէ, որքան երևում է… բայց ինչ որ է, դու շտապիր այսօր ևեթ քո պսակի հրամանագիրը առնելու. ես խղճում եմ այն օրիորդին. նա պատվական աղջիկ է.- Այս ասելով նա բռնեց Պետրոսի ձեռքից, տարավ նրան յուր առանձնարանը, և բանալով մեծ, երկաթյա պահարանը, հանեց նրա միջից տասը հատ նոր հարյուրանոցներ և տալով Պետրոսին ասաց.