Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վճարիր, ում որ հարկավոր է։ Գործդ վերջացնելուց ետ վերադարձիր այստեղ Հոիփսիմեի հետ։ Վաղվանից ես հարկավոր պատրաստությունը կտեսնեմ, և իմ ու քո անվան վայել հարսանիք կանեմ ձեզ համար։

Պետրոսը ջերմաջերմ համբուրեց հորեղբոր ձեռքը և բյուր շնորհակալություններ անելով, հազար ռուբլու հետ միասին դուրս թռավ փողոց։

Նա գտավ բարեկարգչին հոգևոր ատյանում, կանչեց նրան մի ծածուկ անկյուն և հանձնելով նրան տասը հարյուրանոցները, ասաց նրան։

— «Ես սպասում եմ այստեղ. միչև մի ժամը պատրաստիր պսակի հրամանագիրը և հանձնիր ինձ»։

— «Մինչև կես ժամը պատրաստ կլինի»,— ասաց նա խորհրդավոր ձայնով և ներս մտավ ատյանը։

Հազիվ Պետրոսը մի քանի անց ու դարձ էր արել առաջնորդարանի պարտիզում, և մի քանի ծրագիրներ կազմել յուր հարսանիքի համար, և ահա բարեկարգիչը մոտեցավ նրան, հանձնեց երիտասարդին պսակի հրամանագիրը և սեղմելով նրա ձեռքը, շնորհավորեց նրա բախտավորությունը։

— «Վերջապես…»— բացականչեց երիտասարդը և հրամանագիրը մի անգամ կարդալուց ետ դրավ ծոցի մեջ և շտապ-շտապ քայլերով դիմեց Աստղիկի մոտ։

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա սարսափն ու հուսահատությունը, երբ նա յուր սիրուհուն գտավ մահճի մեջ պառկած նրան շրջապատել էին դժբախտ մայրերն ու դրացուհիները հրավիրված բժիշկը հուսահատ կանգնած էր մի անկյունում գեղեցիկ Աստղիկը մահվան տագնապի մեջ էր…

— Աստղիկ, այդ ի՞նչ արի՛ր դու. ես մեր պսակի հրամանագիրն եմ բերել, իսկ դու…

— Պսակի… հրամանագի՞րը… արդեն ուշ է… Պետրե, շատ ուշ է…— մահվան ժպիտով շշնջաց օրիորդը և գլուխը կքեց…

Թշվառ աղջիկը թունավորել էր իրեն մկնդեղով. երկու ժամից ետ նա հոգին ավանդեց…