Էջ:Muratsan, vol. 2.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդարև, թվում է թե` արտը շարժվում է, գնում դեպի առաջ, և նրա այդ խաղաղ, մեղմաշարժ հոսանքը հանգստացնում է նյարդերս, ազդելով հոգուս հույզերից ազատ մի առույգ կենդանություն։ Քիչ հետո արդեն ճանապարհն անցնում է այդ արտերի միջով։ Ագահ երկրագործն երկու կողմից հերկելով այնքան է նեղացրել անցուդարձի ուղին, որ մենք շատ տեղ ստիպված ենք միմյանց ետևից գնալու, որպեսզի միահավասար ձիավարելուց արտերը չկոխոտենք, որ ըստինքյան հանցանք է։ Վասնզի, եթե ամեն ճանապարհորդ մի քանի հասկ պակսեցնե, դրանով արդեն գյուղացին կզրկվի մի քանի խուրձերից։

Հեռվից, լեռան կրծքին կպած, երևում է Ղ… գյուղը, ուր մենք այս գիշեր պիտի իջևանենք։ բայց մինչև այնտեղ հասնելը դեռ բավական ճանապարհ կա։ Դաշտերի վերջանալով սպառվում են նաև արտերը, և մենք այնուհետև բարձրանում ենք դեպի վեր: Ճանապարհն այժմ անցնում է ընդարձակ մացառուտի միջով և որովհետև ձիերը դանդաղ էին գնում, ուստի Պետոն սկսել է մի պատմություն, որի նյութը վերաբերում է հենց այդտեղ կատարված մի սպանության։ Ճանապարհորդության ժամանակ հաճելի է լինում պատմություններ լսելը, մանավանդ, երբ ստիպված ես ձիերի կամքով առաջ գնալ։ Ես էլ լսում եմ Պետոյին, բայց նրա պատմությունը հետաքրքրական չէ։ Երկու թուրք Ղշլաղ գյուղից մի ձի են գողանում. ղշլաղեցի երկու հայ ընկնում են նրանց ետևից. թուրքերը փախչում են, հայերը հետևում են, թուրքերը հասնելով այս մացառին` թաքնվում են թփերում. հայերը հասնելով մինին սպանում, մյուսին փախցնում են, իսկ ձին վերադարձնում։ Բոլոր պատմությունը այս էր, բայց Պետոն պատմեց մի ամբողջ ժամ, այնպես որ նրա պատմության հետ մացառուտն էլ վերջացավ, և մենք սկսանք իջնել դեպի մի խորաձոր։

Արդեն կեսօր էր, արևը կանգնած էր մեր գլխին։ Բավական ճանապարհ էինք կտրել, պետք էր մի փոքր հանգստանալ, մի փոքր ճաշել և մի փոքր էլ կեր ու հանգիստ տար ձիերին։ Այդպես էլ արինք։

Պետոն առաջնորդեց ինձ դեպի ձորամեջը, անցավ