Էջ:Muratsan, vol. 2.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես իմ կողմից, իհարկե, սպասել չտվի։ Ծալապատիկ նստա հյուրընկալիս մոտ և սկսա վայելել նրա սրտեռանդ հյուրասիրությունը։ Մենք կաթով թեյ խմեցինք, նոր կտրած մեղրով սեր ու կարագ կերանք և վերջը մի համեղ ձվածեղ սպառելով վեր կացանք։ Տանտիկինը պատրաստած ճանապարհի պաշարը հանձներ Պետոյին, որ դրավ յուր պայուսակում։

Երբ ամեն ինչ վերջացավ, շնորհակալություն արինք տանուտեր Ակոբին և նրա ամուսնուն՝ մեզ ցույց տված քաղցր հյուրասիրության համար և ճանապարհ ընկանք։

Մի քանի փարսախ հեռացել էինք գյուղից, երբ արեգակը մշուշով ծածկված լեռների ետևից յուր հրափայլ գունդը հանեց և խտղտիչ ճառագայթները սփռեց կանաչազարդ բլուրների և արտերով ծածկված դաշտերի վրա։ Ի՜նչ հրաշալի էր այդ ժամանակ Սյունյաց երկրի բնությունը, նա կարծես նոր էր մարմին առնում արարչապետի ձեռքից։ Հրաշալի էր, մանավանդ այն վայրկենին, երբ աղոտ մշուշը տեղի տալով արևի պայծառ շողերին, երևան էր հանում գեղեցիկ լեռները, բլուրներն ու հովիտները, որոնք ասես խնդում, ծիծաղում էին։ Քաղցրաշունչ զեփյուռը, որ հեռվից թռչելով քերում էր պուրակներն ու կանաչ մարմանդները, գալիս շփվում էր դեմքիս այնպես մեղմ ու անո՜ւշ, որ նրան լիովին վայելելու համար ցանկանում էի ձիուս ընթացքը կասեցնել։

Երբ գյուղի սահմաններն անցնելով սկսանք առաջին լեռնալանջը բարձրանալ, առաջնորդս հայտնեց, որ այդտեղից սկսում են Ն. գյուղի դժվարագնաց ճանապարհները, որոնք շարունակ անցնում են սարերի, ձորերի և գետերի վրայով։ Մենք ուրեմն մտնում էինք Սյունյաց երկրի լեռնային թագավորությունը, որի նմանն սկսվում էր հանդիպակաց լեռան բազուկներից։

Ճանապարհը, որով բարձրանում էինք, կոշտ առապար էր, ուստի ձիերը մեծ նեղություն կրեցին, մինչև հասան սարի բաշը. այդ տեղից, ահա, մեր առաջ բացվեցավ փառավոր անհունության մի ակնապարար տեսարան— դա լեռների, բլուրների և սարահարթերի մի լայնածավալ տարածություն