Էջ:Muratsan, vol. 2.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասատուն էլ ինքն է: Նա մի բարի, ազնիվ և առաքինի կին է. ուղիղ տասնևինը տարի է, որ գտնվում է մեր գյուղում: Իմ ձեռնադրությունից վեց տարի հետո եկավ այստեղ։ Այդ ժամանակ ո՞վ գիտեր, թե ի՞նչ բան է գյուղական կանոնավոր դպրոցը։ Ես էի մի քանի տղաներ գլխիս հավաքել և լավ-վատ կարդացնում էի։ Բայց երբ կույս-Աննան եկավ, նա յուր ծախքով և, իհարկե, նաև մեր օգնությամբ, շինեց դպրոցական տուն, որ անշուշտ կտեսնեք։ Նա հավաքեց յուր մոտ թե՛ տղա, և թե՛ աղջիկ երեխաներ և սկսավ կարդացնել։ Այժմ մեր գյուղում քիչ երիտասարդ կա, որ հայերեն գրել-կարդալ չիմանա։ Այս րոպեին էլ դպրոցը մոտ հարյուր հիսուն աշակերտ և աշակերտուհի ունի՝ ժողովված թե՛ մեր և թե՛ շրջակա գյուղերից։ Դրանք բոլորն էլ կարդում են ձրիաբար։ Եվ դեռ պետք է գիտենալ, թե կույսի դպրոցը որքա՜ն գրագետներ է տվել մեր գավառին այսքան տարվա ընթացքում։ Ճշմարիտն ասած, այդ կույսը մեր բարերարուհին է, մենք բոլորս պաշտում ենք նրան։ Իմ ու տանուտերի խոսքից ավելի նրա խոսքն ունի արժեք գյուղացու համար. բոլորը նրան լսում են ինչպես իրենց իմաստուն մորը։ Եվ ի պատիվ նրա, պետք է ասել, որ մոր նման էլ խնամք է տանում գյուղացիների վրա, օգնում է կարոտյալին, այցելում է հիվանդին, պաշտպանում է այրիներին, անզոր որբուկներին, ես ո՞ր մեկն ասեմ։ Սկսած ա՛յն օրից, որ կույսը մեր գյուղումն է, գրեթե ոչ մի տան, կամ ընտանիքում խռովություն, կամ դժգոհություն չէ պատահել։ Հենց որ լսում է, թե մի տեղ անհամաձայնություն, վեճ կամ կռիվ կա, իսկույն դիմում է այնտեղ և խաղաղության հրեշտակի պես ամենքին հաշտեցնում, երբեմն խրատելով, երբեմն հանդիմանելով, բայց շատ անգամ էլ քաղցրությամբ համոզելով։ Իսկ ով համարձակվում է քույր-Աննային ընդդիմանալ կամ նրա խրատներն արհամարհել, նրա հետ այլևս ոչ ոք չէ խոսում, մինչև որ վերջինս համոզվելով՝ թողություն չէ խնդրում։ Մեր գյուղական գործերի մեջ նույնպես քույր-Աննան օգնում է մեզ յուր իմաստուն խորհուրղներով և առհասարակ ա՛յն գործը, որ նրա ցույց տված ճանապարհովն ենք սկսել և շարունակել միշտ հաջողությամբ է