չտալով նրան այդպիսի հարցերի դիմելու։ Թեպետ այն էլ գիտեի, որ հեշտ չէր գյուղում այսքան տարի ապրել և ազատ մնալ գյուղացիների հարցասիրությունից։ Սակայն բոլոր այս մտածություններն ուղեղս լարելուց զատ ուրիշ մի եզրակացության չէին բերում։ Մնում էր, որ ինքս ծանոթանայի այդ կնոջը և նրա ո՞վ և ի՞նչ անձնավորություն լինելը ստուգեի անձամբ։
— Ե՞րբ կարող եք ծանոթացնել ինձ ձեր միանձնուհուն,— հարցրի տեր-հորը:
— Երբ կամենաք,— ասաց նա,— վաղը կյուրակե է, ես պատարագ ունիմ. կգաք եկեղեցի, ներկա կլինիք պատարագին, և երբ ժամերգությունը կավարտի, ես ձեզ կծանոթացնեմ նրան։
— Շատ լավ,— ասացի ես և որովհետև ընթրիքն արդեն պատրաստ էր, ուստի շուտով սեղան նստանք։
Տեր-հայրը բոլոր ջանքը գործ էր գնում ամենալավ կերպով ինձ հյուրասիրելու։ Եվ թեպետ յուր գինին արժանիքով ստոր էր տանուտեր Ակոբի գինուց, այսուամենայնիվ մենք նրանով էլ մի քանի կենաց բաժակներ դատարկեցինք։
Տեր-հոր հյուրասենյակում ինձ համար քնելու տեղ պատրաստեցին ուր և առանձնացա խաղաղության հրեշտակին հանձնվելու համար։
Չնայած որ ամբողջ նախընթաց օրը ճանապարհորդել էի, այսուամենայնիվ, երեկ շատ վաղ զարթեցա։ Գյուղը, կարծես ինքն է զարթեցնում քեզ։ Մարդ այստեղ ամաչում է, եթե չասենք ափսոսում առավոտյան զով ժամերը քնին նվիրելու։ Երբ դուրս եկա բակը, արշալույսը դեռ նոր էր շառագունում, բայց տեր-հայրն արդեն գնում էր եկեղեցի։
— Մի՞թե այսքան վաղ պիտի սկսեք ժամերգությունը,— հարցրի ես։
— Ոչ, դեռ սաղմոս պիտի քաղեմ, դուք կարող եք կես ժամով ուշ գալ,— պատասխանեց նա։
Ես որովհետև եկեղեցում երկար կանգնել չէի կարողանում, ուստի որոշեցի օգուտ քաղել ժամանակից և բարձրանալով