Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առատ, որ գրեթե ամեն տուն առու ուներ յուր բակում։ Գյուղի վերջին ծայրում, մի կանաչազարդ բարձրավանդակի վրա, կառուցած էր եկեղեցին, որ հեռվից բավական կոկիկ և գեղեցիկ էր երևում։ Նրա մոտ կար միահարկ, բայց ընդարձակ և սիրուն ծառերով շրջապատված մի ուրիշ շինություն, որ անշուշտ ուսումնարանը պիտի լիներ։ Գյուղի ընդհանուր պատկերն առաջին անգամ ինձ վրա ախորժ տպավորություն արավ։ Սակայն ավելի գեղեցիկ էին նրա շրջակա տեսարանները։ Գյուղի առաջ ընկած էր ընդարձակ և անտառախիտ խորաձոր, որի միջից խոխոջալով անցնում էր մի գետակ։ Նրանից այն կողմը, ինչպես և գյուղի ետևից բարձրանում էին վիթխարի լեռներ, փառահեղ գագաթներով, որոնցից մի քանիսի վրա դեռ նշմարվում էին հին դարերում ապրող սյունեցիների զորության ու մեծագործության հետքերը — կիսավեր բերդերի մնացորդներ։ Գյուղի աջ կողմից սկսվում էր մի հովտաձև սարահարթ, որ գնալով լայնանում ու դաշտանում էր և որի վրա տարածվում էին գյուղացիների արտերը։

Այս բոլորը տեսնելուց և զննելուց հետո՝ ես կամաց-կամաց իջա գյուղը, բռնելով այնպիսի ուղղություն, որ ինձ պիտի տաներ դեպի եկեղեցին։

Զարմանալի շարժում էր տիրում այդ ժամանակ գյուղի փողոցներում: Կարծես բնակիչները մի հրաշք տեսնելուց կամ հրդեհ հանգցնելու համար էին շտապում։ Կին, տղամարդ, ծեր և երիտասարդ աճապարում էին դեպի եկեղեցին, Նրանք գնում էին աղոթեքու։

Այս տեսարանը որքան ուրախացնում, նույնքան և զարմացնում էր ինձ և այդ զարմանքը կրկնապատկվեց, երբ ուրիշների հետ ես ևս եկեղեցին հասնելով՝ տեսա այդտեղ հավաքված ժողովրդի բազմությունը։ Ես հայոց շատ գյուղերում էի եղել, բայց ոչ մի տեղ ժողովրդի մեջ այսքան ջերմեռանդություն չէի նկատել։ Սա ինձ հիշեցնում էր Կովկասի գերմանական մի գաղթավայր, ուր հաճախ գտնվել և միշտ հիացել էի գերման ժողովրդի եկեղեցասիրության վրա և տխրել, որ մեր գյուղերում, ընդհակառակը, ժողովուրդն