Էջ:Muratsan, vol. 2.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Շատով խումբն էլ սկսավ դաշնակցիլ դպրապետուհուն։ Երգեցողությունը հորդոր, բայց ներդաշնակ կերպարանք առավ։ Այս բոլորը լսում էի հրճվախառն հիացմունքով և զգում, որ այդ գյուղական եկեղեցում կատարյալ քրիստոնյա եմ դարձել նման այն բարեպաշտ քրիստոնյաներին, որոնք ապրում էին այդ սրբազան կրոնի հալածանքների դարերում, երբ իշխանն ու ստրուկը, տիկինն ու աղախինը, միևնույն մթին գետնափորում, միասին պաշտում և աղոթում էին քրիստոնեության հիմնադրին և միևնույն սեղանի վրա՝ հաղորդվում նրա կենարար մարմնին և արյանը։

Քաղաքի եկեղեցիներում, խոստովանում եմ, խորշում էի փոքր ի շատե գծուծ հագնված մի մարդու մոտ կանգնելուց, վախենալով շորերս կեղտոտել… բայց այստեղ, օհ, ինչպիսի սիրով ողջունեցի ես մի աղքատ, կորաքամակ և կոշտ հագուստներով ծերուկ գյուղացու, երբ սարկավագի «Ողջույն տուք միմյեանց ի համբոյր սրբութեան…» խոսքերը լսեցի։ Ես պատրաստ էի իմ ողջույնի հետ միասին նույնիսկ համբուրել ծերուկին… — Ի՞նչ հեղափոխություն էր այս, որ կատարվում էր իմ մեջ. չգիտեի։ Ո՞ւր էին այն թերահավատ մտածմունքները, որոնք ճնշում էին ուղեղս մեր եկեղեցիներում. չկային, անհետացել էին։ Արդյոք հրաշալի երգչուհու և նրա խմբի ներդաշնակ ու ոգևորող երգեցողությունը չէ՞ր իմ մեջ կատարվող այս հեղափոխության պատճառը։

Ամենամեծ հաճությամբ լսեցի պատարագի մնացորդ երգեցողությունը, շարունակ հիանալով դպրապետուհու դյութական ձայնի վրա։ Սակայն քանիցս փորձ փորձեցի տեսնել նաև նրա դեմքը, բայց այդ չհաջողվեց ինձ, որովհետև նա յուր դեմքը ոչ մի կողմ չէր դարձնում, իսկ իմ կանգնած տեղից առաջ գնալ չէի կարող։ Բոլոր ժողովուրդը սպասեց մինչև վերջին «օրհնեալ եղերուք»-ը, ես ևս նրանց հետ,առանց մի վայրկյան ձանձրանալու։

Դուրս գալով եկեղեցուց, սկսա նրա շուրջը պտտել և ապա ուսումնարանի կողմն անցա, բայց աչքս միշտ եկեղեցու դռանը, որպեսզի կույսի ելնելը տեսնեի։