Էջ:Muratsan, vol. 2.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրա բացատրություններն, առհասարակ, այնքան պարզ և դյուրըմբռնելի էին, որ ինքս էլ լսում էի մեծ հաճությամբ։ Ինձ համար աննկատելի չանցավ այն, որ նրա բոլոր դասավանդության ժամանակ ես լսում էի ոչ թե պաշտոնական վարժուհու, այլ գորովագութ մոր ձայնը, և երևի այդ էր պատճառը, որ նրա աշակերտների մեջ համեստության հավասար ցոլանում էր և հոգռվ արիություն։

Դասն ավարտելուց հետո դուրս եկանք պատշգամ, իսկ աշակերտներն ու աշակերտուհիները բակն իջան խաղալու։

Վերջինների մի մասը գեղջկուհիներին հատուկ ամաչկոտությամբ, հավաքվեց ծառաստանի մի անկյունը և չէր մասնակցում փոքրիկների խաղին։ Այդ հանգամանքը իմ աչքին զարկավ։

— Գեղջկուհին միշտ գեղջկուհի է մնում,— նկատեցի ես,— ինչո՞ւ այդ աղջիկները չեն խաղում, նրանք այնքան մեծահասակներ չեն, որ մեզանից քաշվեին։ Մի թե դպրոցական կյանքը ոչինչ հեղափոխություն չէ մտցրել նրանց մեջ։

— Այդ դեպքում՝ ո՛չ, և ես չեմ ցանկանում այդ,- պատասխանեց քույր֊Աննան լրջորեն։— Ես պահանջում եմ մինչև անգամ, որ գեղջկուհին միշտ գեղջկուհի մնա։ Ես չէի ցանկանալ, որ դպրոցը կապտեր նրանցից այն թանկագին հարստությունը, որը նա հետո չէր կարող վերադարձնել առանց ծանրագին աշխատության։ Խոսքս վերաբերում է այն ցեղական պարկեշտության, որ մեր գեղջկուհիներն ունին։ Ես, իհարկե, սովորեցնում եմ նրանց կարդալ և գրել, ավանդում եմ՝ ինչ-որ ուսման համար կարևոր և իրենց անձին օգտավետ է, աշխատում եմ, որ նրանց մտքերի հետ միասին կրթվին և ազնվանան նրանց հոգիները հաստատում և ամրապնդում եմ նրանց կրոնական զգացմունքները, միով բանիվ, ամեն ջանք գործ եմ դնում, որ նրանցից պատրաստվին որոշ չափով կրթված հայ գյուղացիներ, բայց միևնույն ժամանակ, զգուշանում եմ, որ իմ ներշնչած այդ նորությունները չխեղդեն նրանց մեջ գյուղացու այն հատկությունները, որոնք նրանց բարոյականի հաստատուն հիմունքներն են կազմում և որոնք իմ ավանդած սահմանափակ