Էջ:Muratsan, vol. 2.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ուսումովը չէին արմատանալ նրանց մեջ, եթե նրանք այդ չժառանգեին ծնողներից, գյուղական անարատ մթնոլորտում։ Եթե մենք եղած հինը քանդելով կարողանայինք նրա տեղ նորը, բայց լավագույնը հաստատել, այն ժամանակ այդ հինը աներկյուղ կքանդեինք։ Բայց քանի որ ցանկալի ուժն ու միջոցները չունինք, անհրաժեշտ է, որ եղած լավ հատկությունները խնամենք և պահպանենք՝ նույնիսկ իրենց հին կերպարանքի մեջ։ Այդ հատկություններն են՝ գեղջուկի ամոթխածությունը, բարեպաշտությունը, պարզասիրությունը և աշխատասիրությունը։ Ես մեծ խնամքով եմ վերաբերվում այդ գեղեցիկ հատկություններին՝ աշխատելով, իհարկե, որ նրանցից մի քանիսը ծայրահեղության չհասնեն. օրինակ, որ նրանց ամոթխածությունը չհավասարվի երկչոտության, իսկ բարեպաշտությունը՝ չսնանա նախապաշարմունքով։ Թեպետ այս վերջին դեպքում ևս զգուշությամբ եմ վարվում, որովհետև գեղջուկի կրոնականը նման է հնադարյան մի սրբազան շինության, որի վրա, հարկավ, դարերի ընթացքում նստել է և՛ փոշի, և՛ անմաքրություն. բայց նրան այդ փոշիներից մաքրելու համար զգուշաբար պիտի վարվի մեծագրել գիտցող հնագետը, որպեսզի սխալմամբ գեղեցիկ քանդակներից մեկը չփշրե, կամ ընտիր մյուսիոններից մեկը չեղծանե։ Ահա այդպիսի զգուշությամբ եմ վարվում և ես իմ աշակերտների ու նրանց ծնողների հետ, երբ հարկավոր է լինում նրանց որևէ կրոնական նախապաշարման դիմախոսել։

— Իսկ ես կարծում եմ, որ այդքան համր ընթանալով՝ շատ աննշան հառաջադիմություն կանեք,— նկատեցի ես:

— Ձեր կարծիքը մասամբ իրավացի է,— պատասխանեց կույսը.—բայց ո՞րն է ավելի լավ, քիչ հառաջադիմելը, թե՞ դեպի կորուստ փութալը։

— Իհարկե առաջինը— ասացի ես։

— Ահա՛, այդ պատճառով էլ ես համր, բայց ուղիղ ընթանալու կողմն եմ, որովհետև գեղջուկն ու նրա զավակը մեր քայլերով ընթանալ չեն կարող։ Նրանք նման են նոր ոտքի ելած մանուկների, որոնց եթե շտապեցնես, կսայթաքեն և կգլորվեն ճանապարհի վրա։ Որդեսեր և հասկացող