Էջ:Muratsan, vol. 2.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ այնուհետև արդեն դիպչում էին ականջիս նոր բառեր, նոր խոսքեր։ Ասում էին, որ ես արդեն հարսնացու եմ, որ ինձ համար այս ու այն երիտասարդը առաջարկություն է անում, որ ես շատ գեղեցիկ եմ… Իմ ընկերուհիները նախանձով էին նայում վրաս։ Ասում էին, թե ես գրավել, կաշկանդել եմ երիտասարդներին, թե նրանք ամեն տեղ միայն իմ մասին են խոսում։ Այս խոսքերից շատերը ես չէի հասկանում, բայց աշխատում էի հասկանալ։

Շատ ժամանակ չէր, ինչ այս նորությունները սկսել էին ինձ զբաղեցնել երբ անսպաս մի հանգամանք մոռացնել տվավ նրանց և իմ կյանքի ընթացքը բոլորովին փոխեց։

1864 թվականն էր։ Մեր քաղաքի հայոց հոգևոր դպրոցի համար նոր տեսուչ և նոր վարժապետներ էին եկել: Ի՞նչ մարդիկ էին նրանք, չգիտեի, միայն թե նրանց գալն ու սկսած գործերը մեծ աղմուկ էին հանել քաղաքում։ Ամեն տեղ նրանց մասին էին պատմում, խոսում և վիճում։ Այդ առիթով մեր տանը նույնպես սկսան խոսել։ Մեզ մոտ հաճախող բարեկամների ու ծանոթների զրույցն էլ այդ մարդկանցն էր վերաբերում։ Ինչ տուն կամ ընտանիք որ մտնում էի, այնտեղ էլ նրանց մասին խոսք կար։ Ես այդ ժամանակ միայն հայոց հոգևոր դպրոցի ի՛նչ լինելն իմացա, և զարմանում էի, թե ինչո՞ւ մինչև այն ոչինչ չէի լսել նրա մասին։

Բոլոր խոսք ու զրույցներից հայտնվում էր, որ հայոց հոգևոր դպրոցի նախկին տեսուչն ու վարժապետները հեռացված և նրանց փոխարեն նորերն են կարգված։ Այդ պատճառով քաղաքի մեջ երկու կուսակցություն էր կազմվել. մեկը՝ հին խմբի պաշտպան և նորերին թշնամի, մյուսը՝ նորերին պաշտպան և հներին թշնամի։ Հայրս, իբրև հառաջադեմ խմբի կուսակից, վերջինների կողմն էր և յուր ազդեցիկ ձայնով մեծապես նպաստում էր նոր խմբի ձեռնարկությունների հաջողության։

Անզգալապես ես էլ սկսա այդ նորություններով հետաքրքրվիլ: Ամեն օր, երբ հայրս վերադառնում էր տուն, անպատճառ մի նոր և ինձ հաղորդելու արժանի նորություն