Էջ:Muratsan, vol. 2.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողել և ծնողներիս վրա, որոնք շարունակ նրա մասին էին խոսում։ Այս բանը ինձ մեծ հաճույք էր պատճառում։ Ի՞նչ տարօրինակ համակրություն էր այս, որ ես տածում էի դեպի երիտասարդ վարժապետը, չգիտեմ, միայն թե ցանկանում էի լսել նրա մասին, շարունակ։ Գարեգին անունն իսկ, երբ արտասանում էին, քաղցր էր հնչում իմ ականջին։ Բոլորովին նոր, բոլորովին աննման բարեկամության մի զգացմունք էր այս, որպիսին ես, արդարև, չէի տածել երբեք դեպի ոչ մի իմ ծանոթն ու ընկերուհին։ Ցանկանում էի, որ նա իմ եղբայրը լիներ, որ մեր տան մեջ, մեզ հետ միասին ապրեր, որ ես շարունակ առիթ ունենայի նրան տեսնելու, նրա գրավիչ և ոգևորող խոսքերը լսելու։ Երբ պատահում էի իմ ընկերուհիներից մինին, մեր խոսակցության առարկան անպատճառ Գարեգին վարժապետն էր։ Մենք բոլորս էլ համաձայն էինք նոր բացվելիք օրիորդական դպրոցում նորից աշակերտելու, եթե միայն մեր ուսուցիչը Գարեգինը լիներ։

Շատ չանցավ, դպրոցի բացման օրն էլ հասավ։ Ընդարձակ և զարդարուն դահլիճի մեջ հավաքվել էր խուռն բազմություն։ Այստեղ էր սրբազանը՝ յուր քահանաներով, տեսուչն՝ յուր վարժապետական խմբով, ընդունված աշակերտուհին՝ իրենց ծնողների և բարեկամների հետ, դպրոցի բացման նպաստող պատվավոր քաղաքացիներն ու նրանց կանայք— դպրոցի նորընտիր խնամակալուհիները, որոնցից մինն է մայրս, ապա ուսանողներ, արհեստավորներ և ուրիշ շատերը։

Ես էլ իմ ընկերուհիների հետ, առանձին կանգնած, հետաքրքրությամբ դիտում էի հանդեսը, որ բացվեց սրբազանի մի փոքրիկ ճառով, կաթողիկոսի կոնդակի ընթերցումով և քահանաների հոգևոր երգերով։ Ապա գեղեցիկ և ազդու բանախոսություն արավ տեսուչը, նյութ առնելով իրեն կանանց ազդեցությունն ընդհանուր մարդկության վրա և, հետևապես, նրանց կրթության ու զարգացման նշանակությունը՝ ընտանիքների երջանկության և ազգերի հառաջադիմության համար։ Մեր նոր սերունդը, որ շատ է խոսում այժմ հայ կնոջ կրթության մասին, չէ հետաքրքրվում սակայն