Էջ:Muratsan, vol. 2.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի ամսվա մեջ հայերենից արդեն բավական բան էի սովորել, պատմությունը կիսել և կրոնի ուսմունքը գրեթե ավարտում էի։ Այժմ իմ ուսանելի առարկաների թվին ավելացրեց ուսուցիչս և հայոց գրականության ու եկեղեցական պատմության դասեր։ Հետո գալիս էր ինձ մեր մատենագրություններից ամենաընտիրները՝ շարունակ կարդալու: Երբեմն ժամերով նստած՝ նա խոսում էր ինձ այնպիսի դասեր, որ ես ոչ մի գրքում չէի կարող կարդալ, և այդպիսի հոգեշունչ դասերին հաճախ ներկա էին լինում հայրս, մայրս և մոտիկ ազգականներս, որոնք բոլորն էլ հիանում և մխիթարվում էին։

Այսպես առաջ էր գնում ուսմանս գործը, որին ես նվիրվել էի հոգով և սրտով։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

Այժմ պետք է պատմեմ ձեզ իմ կյանքի, այսպես ասած, հոգեկան մասի պատմությունը, որն իմ վերաբերմամբ բավական տխուր էջեր է պարունակում։

Իհարկե, եթե քսան և մի երկար տարիներ անցած չլինեին այն ժամանակի վրա, որին պատկանում է այս պատմությունը և եթե ես արդեն սիրով ու համոզմամբ հաշտված չլինեի այն դրության հետ, որի մեջ գտնվում եմ այժմ, ինձ համար ոչ միայն ծանր, այլ գուցե և անհնարին լիներ այդ պատմությունն անել, ինչպես և ոչ մեկին չեմ արել մինչև այսօր։ Բայց ժամանակը, որ ամեն ինչ մաշում է, հնացրել է արդեն և իմ վերքերը, թեպետ բոլորովին չէ բուժել նրանց։ Ուստի այժմ հանգիստ և առանց հուզվելու կարող եմ պատմել ձեզ բոլորը, ընդունելով, թե ես էլ այս աշխարհում ունեցա մի օր մի եղբայր, որին կարողացա բանալ իմ սիրտը՝ անցյալի վերաբերմամբ։

Բայց տարին լրանալու մոտ, ես մի տարօրինակ փոփոխություն էի նշմարում իմ մեջ։ Մի ինչ որ անձուկ ճնշում էր սիրտս և անհանգստացնում հոգիս։ Ինձ այլևս չէին գոհացնում ստացածս դասերի հաջող պատրաստությունը և