Էջ:Muratsan, vol. 2.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց այդ լինում էր մի քանի օր։ Փոքրիկ առիթ պատահած ժամանակ մտածմունքներն ու հուզմունքը նորեն պաշարում էին ինձ։

Երբ ուսուցչիս գալու ժամը մոտենում էր, ես փոխանակ դասերիս ընթերցումը շարունակելու, դնում, կանգնում էի այն պատուհանի մոտ, որտեղից նրա գալը կարող էի տեսնել։ Եվ երբ նա երևում էր, սկսում էի դիտել նրան հեռվից, քննել նրա շարժվածքը, քայլվածքը և, եթե կարելի էր, նույնիսկ դեմքն ու հայացքը, մինչև որ նա գալիս մտնում էր բակը և սկսում սանդուղքով բարձրանալ։ Այնուհետև ես փոքրիկ չարաճճի աշակերտի նման վազում, հավաքում էի գրքերս և նստում իմ սովորական տեղը։ Բայց սիրտս այդ միջոցին տրոփում էր անհանգիստ, կուրծքս բարձրանում և իջնում. ես սկսում էի կասկածել ինձ շրջապատող առարկաներից, կարծես հավատալով, թե նրանք կմատնեն ինձ… Երբեմն շփոթվելուց մինչև անգամ տեղիցս չէի բարձրանում. երբ մտնում էր ուսուցիչս. երբեմն էլ դժվարանում էի ուղիղ նայել երեսին։ Բայց նա ծանրությամբ նստում էր յուր տեղը, սովորական կերպով հարցնում կամ դասախոսում և առանց ամենափոքր ուշադրություն դարձնելու իմ շփոթությունների վրա՝ հեռանամ։ Ուսուցչիս, իհարկե, ես ճանապարհ էի դնում մինչև սանդուղքը, հետո պատշգամբի վրա կանգնած՝ հետևում նրան երկար, անթարթ աչքերով. մինչև որ նա հեռանում, ծածկվում էր իմ աչքից: Պատահում էր նաև, որ ես ամբողջ ժամերով մնում էի այդտեղ կանգնած և աչքս հառած ա՛յն կետին, որտեղից անհետացել էր նրա երևույթը, և այդ հափշտակված դրությունից հանում էր ինձ կամ հայրս, որ ծառայությունից վերադառնալով՝ երևում էր հեռվից, կամ ձայնը իմ մոր, որ խոսում էր աղախնի կամ ծառաների հետ։

Շատ անգամ ինքս ինձ մտածում էի թե՝ ի՞նչ պիտի լինի իմ այս տարտամ և անհանգիստ դրության վերջը: Երբեմն որոշում էի թողնել պարապմունքս, բավական համարելով արդեն սովորածներս, որովհետև կարծում էի թե՝ ուսուցչիս երկար բացակայությունը կբժշկե իմ այս հիվանդության նմանվող այլայլությունը։ Բայց երբ մտածում