Էջ:Muratsan, vol. 2.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնում էր նույնը, կամ գնալով վատթարանում։ Այժմ արդեն ծնողներս պարզ կերպով հետևում էին իմ քայլերին, աշխատելով որսալ իմ բերանից բառեր կամ խոսքեր, որոնք հարկավոր էին նրանց իմ գաղտնիքներին հասու լինելու համար: Այդ պատճառով ես հետզհետե դառնում էի ավելի զգաստ և խորագետ, փախուստ էի տալիս նրանց նպատակավոր զրույցներից, կամ աշխատում շփոթել այդ զրույցները խնդրին չվերաբերող հարցերով։ Եվ ես, որ առաջ առիթ էի փնտրում միշտ Գարեգնի մասին խոսելու կամ նրա անունը հեղհեղելու, այժմ զգուշանում էի մինչև անգամ այդ անունն արտասանելուց։ Գուցե և իմ այսքան զգուշավոր լինելն ավելորդ էր, բայց ուրիշ կերպ հանգիստ լինել չէի կարող։

Մի օր մենք հրավիրված էինք մեր բարեկամներից մեկի տունը։ Գիտենալով, որ ծնողներս անպատճառ պիտի գնան այնտեղ, որովհետև խոստացած էին, ես հայտնեցի, թե գլխացավ ունիմ, ուստի չեմ կարող ընկերանալ իրենց: Ծնողներս առանց դժվարության թողեցին ինձ տանը, աղախնի հետ, և իրենք գնացին։

Մի ժամից հետո Գարեգինը պիտի գար դասի։ Իմ գլխում մի հանդուգն միտք հղացավ, այն է՝ բանալ նրա առաջ իմ սիրտը և անկեղծությամբ խոստովանել դեպի իրեն ունեցածս ջերմագին սերը։ — «Ինչ պիտի անե նա ինձ,— մտածում էի ես երկչոտ սրտին հատուկ զգուշությամբ.— շատ, շատ, գուցե, մի նախատինք, կամ հանդիմանություն լսեմ նրանից. այն ժամանակ ավելի լավ, ես կբժշկվիմ այս մաշող ցավից, կվերադառնամ իմ նախկին, խաղաղ դրությանը։ Իսկ եթե նա կասե, թե բաժանում է իմ զգացումը, օ՜հ, այն ժամանակ, հեռո՜ւ ինձանից թախիծ ու մտածմունք, այն ժամանակ արդեն ես ամենաերջանիկ աղջիկը կլինիմ աշխարհում և նույնիսկ այդ երջանկությամբ զորացած կոչնչացնեմ իմ ճանապարհը փակող արգելքները. կմեղմեմ, նույնիսկ, իմ հոր խստասրտությունը և կստանամ մորս օրհնությունը»։

Եվ այս մտածմունքով ոգևորված՝ սպասում էի իմ սիրելի ուսուցչին։