Էջ:Muratsan, vol. 2.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Չգիտեմ, եթե դուք կարծում եք թե նա կարող է թժշկել, դիմեցեք,— պատասխանեց նա անփույթ եղանակով։

— Ուրեմն բժշկեցեք իմ հոգին. դուք եք նրան հիվանդ դարձրել. ես ձեզ եմ դիմում,— բացականչեցի հուզված և այնպիսի համարձակությամբ, որ ճնշման դեմ ապստամբող հոգիներին է հատուկ։

Երիտասարդը մնաց շվարած: Ըստ երևույթին նա չէր սպասում այս դիմումին, ուստի և չգիտեր ինչ պատասխանել։ Իսկ իմ մեջ եռանդը հետզհետե ավելանում և երկյուղը տեղի էր տալիս անկեղծության, ես գրեթե ինձ մոռացած, շարունակեցի.

— Լսեցե՛ք, սիրում եմ ձեզ… սիրում եմ ջերմ, սրտագին և անվերջ սիրով և ես հանցավոր չեմ… դո՛ւք վառեցիք իմ մեջ այս կրակը…— և այս խոսքերի հետ միասին, գրեթե հափշտակելով, առի նրա ձեռքը և սեղմեցի իմ շրթունքներին։

Մի թույլ, անլսելի հառաչանք դուրս թռավ երիտասարդի սրտից, նա նայեց ինձ հրացայտ աչքերով, և ձեռքը քնքշությամբ ետ քաշելով, տեղից բարձրացավ:

— Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն,— ասաց նա լուրջ և սառը եղանակով, ապա «մնաք բարով» ասելով՝ դուրս գնաց։

— Օ՜, ո՛չ, նա ինձ չէ սիրում, նա չէ կարող սիրել, նա արհամարհում է ինձ…— գոչեցի ես արտասուքից խեղդվող ձայնով և սրտաբեկ ու հուսահատ ընկնելով բազկաթոռի վրա սկսա դառնապես լալ։

Հետևյալ օրը մեծ տագնապի մեջ էի։ Իմ համարձակ որոշումն անհաջող ելք էր ստացել։ Իսկապես չգիտեի, թե ի՞նչպես պիտի բացատրեի Գարեգնի խորհրդավոր խոսքերը.— «Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն»- ասաց նա։ Ի՞նչ էր նշանակում այդ։ Արդյոք մերժմա՞ն խոսքեր էին դրանք։ Չէ՞ որ մոռացումը հետևանք է լինում անհույս սիրույն… Եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն այս անմիտ