Էջ:Muratsan, vol. 2.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ես նորեն սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին։ Ընտանեկան գործերով չէի պարապում և բոլոր օրը, համարյա, հիվանդ էի հոգվով ու մարմնով։

Մայրս, որ, ինչպես հետո իմացա, հետևելիս է եղել իմ քայլերին, մի օր կանչեց ինձ առանձին ու ասաց.

— Սիրելի Աննա, հինգ ամսից ավելի է, ինչ ես մի տարօրինակ փոփոխություն եմ նշմարում քո մեջ։ Դու այլևս առաջվա աղջիկը չես, այն զվարթ, ուրախ, միշտ երգող, ծիծաղող աղջիկը։ Ամեն օր տխուր ես, ամեն օր մտածմունքների մեջ մի տեսակ վերացած, հափշտակված… անշո՛ւշտ մի ցավ ունիս, որի մասին շարունակ մտածում ես։ Ասա՛, հոգիս, ի՞նչ ցավ, ի՞նչ հոգս է այդ, ասա՛, մորիցդ մի՛ ծածկիր. քո սրտի ցանկությունը կատարելու համար ես ամեն բան կանեմ, ամեն ինչ կզոհեմ, միայն թե դու անկեղծ եղիր, խոստովանիր ինձ ամեն բան ճշմարտությամբ, առանց ամաչելու ու քաշվելու։

— Ոչ մի ցավ չունիմ,— պատասխանեցի ես։

— Անկարելի է. ցավ չունեցողը տխուր չի լինիլ և ոչ էլ ամբողջ օրը մտածմունքների մեջ։ Խոստովանիր, ասում եմ, ինչ որ սրտումդ կա, եթե քո ցավը մորդ չհայտնես, ուրիշ էլ ու՞մ կարող ես հայտնել։

Ես կամենում էի բանալ նրան իմ սիրտը. կամենում էի խոստովանել իմ գաղտնիքը, մանավանդ որ նա այնքան մտերմաբար սկսավ խոսել հետս, բայց լեզուս չէր հնազանդվում կամքիս, չէի կարողանում խոսել։ Ես մնացի լուռ։

— Աննա, սիրելիս, հայտնի՛ր ինձ ցավդ, պատմի՛ր մորդ քո սրտի գաղտնիքը,— թախանձեց կրկին մայրս։

Բայց ես լուռ էի։

— Կկամենա՞ս, որ ինքս ասեմ, — հարցրեց նա ժպտալով։

— Ի՞նչ,— զարմացա ես։

— Թե ինչո՞ւ տխուր ու շարունակ մտածմունքի մեջ ես։

— Ասա՛, եթե այդպիսի բան գիտես,— պատասխանեցի ես անհանգստությամբ։

— Դու սիրում ես Գարեգնին և նրա մասին ես այդքան շատ մտածում։