Էջ:Muratsan, vol. 2.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես մնացի ապշած և աչքերս լայն բանալով՝ հարցրի.

— Այդ ո՛վ ասաց քեզ:

— Դու ինքդ, սիրելիս, դու ինքդ։

— Ինչպե՞ս թե ես ինքս, ես այդպիսի բան ասած չունիմ. խոսքդ չեմ հասկանում,— նկատեցի ես։

— Արթուն ժամանակ դու ոչինչ չես ասել, բայց քնած ժամանակ շատ բան ես հայտնել։ Դու գրեթե միշտ զառանցում ես, բոլոր ժամանակ քո երազներում խոսում ես Գարեգնի մասին, կանչում ես Գարեգնին… ինչո՞ւ համար են ուրեմն այս բոլորը։

— Ա՜խ, մա՛յր իմ, մա՛յր իմ, դու արդեն բոլորը գիտես…— բացականչեցի ես և հեկեկալով նրա գիրկն ընկա։ Արտասուքն սկսավ վազել աղբյուրի պես: Նա ջերմությամբ սեղմեց ինձ կրծքին և սկսավ համբույրներով գլուխս ու երեսս ծածկել։

Մայրական սիրելի կրծքի վրա՝ երկա՞ր գլուխս դրած լաց էի լինում։ նա չէր խանգարում իմ սրտի զեղումը, կարծես գուշակելով, որ թափվող արտասուքը մի մխիթարություն, մի բալասան էր՝ այնքա՜ն երկար ինձ տանջող ու տոչորող ցավերի համար։

Երբ մի փոքր հանգստացա, մայրս սրբեց իմ աչքերը, համբուրեց նրանց և կրկին անգամ ինձ յուր կրծքին սեղմելով` խանդակաթ ձայնով ասաց.

— Իմ սիրելի՛, իմ անուշիկ Աննա, իզո՜ւր ես քեզ այդքան երկար տանջե՛լ, իզուր ես և այժմ այդքան վրդովվում։ Քո սրտի ցանկությունը կատարելու համար ոչ մի դժվարություն չկա։ Եթե դու սիրում ես այդ երիտասարդին և այդքան էլ նրա համար այրվում ու տոչորվում, նա կլինի ուրեմն քո փեսան, քո ամուսինը։ Վաղվանից արդեն ես ամեն բան կպատմեմ հորդ ու մենք, երկուսս միասին, կտնօրինենք ամեն ինչ այնպես, որ քո սրտի ցանկությունը անթերի կատարվի։

Ուրիշ ի՞նչ ուրախություն կարող էր հավասարվիլ այդ րոպեին զգացած իմ ուրախության։ Ես գրկեցի մորս, սեղմեցի նրան կրծքիս և առանց շնորհակալության մի բառ