Էջ:Muratsan, vol. 2.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ եմ համարում կաթիլներից մինը լինել և ծովի հատակն իջնել, քան ծովի գոյության համար դառնալ անօգուտ գերան և լողալ նրա երեսին…

«Ներեցեք ինձ, ուրեմն, աղաչում եմ ձեզ, որ հրաժարվում եմ ձեր ինձ առաջարկած այդ գերազանց պատվից: Որքան և ինձ համար, իբրև մահկանացուի, մեծ է այս զոհը, մանավանդ որ ես հոգվով չափ սիրում եմ ձեր աղջկան, սակայն անհրաժեշտ է, որ ես բերեմ այդ զոհը, որովհետև իմ սրբազան ուխտին և երդմանը դրժել չեմ կարող…»։

Հայրս զարմանալի սառնասրտությամբ լսեց այս խոստովանությունը և ծածկելու համար յուր ներքին վիրավորանքը, որ բավական կենդանի ցոլանում էր դեմքի վրա, հարցրեց.

— Մի՞թե քո ազգին օգնելու համար անպատճառ պիտի ամուրի մնաս և ամուսնանալով հանդերձ չե՞ս կարող նրա օգտին աշխատել։

— Ո՛չ,— պատասխանեց Գարեգինը.— որովհետև գեղեցիկ է ասված. «Ո՛չ ոք կարէ երկուց տէրանց ծառայել, կամ զմինն ատիցէ և զմիւսն սիրիցէ, կամ զմինն մեծարիցէ և զմիւսն արհամարհիցէ…»։ Ով որ կամենում է բոլորանվեր կերպով ծառայել ազգին, նա չպետք է ամուսնանա։ Որովհետև ամուսնությունն ինքը ունի յուր որոշ պարտքերը, որոնց ամեն մի օրինավոր ամուսին պարտավոր է անթերի կատարել։

Այդ միջոցին, ահա՛, հորս առաջարկությամբ, մեր հյուրերը սեղանատնից հյուրասենյակը քաշվեցան, իսկ ես դուրս գնալով փակվեցա իմ ննջարանում։ Այստեղ արդեն միայնակ տեսնելով ինձ՝ արտասուքս սկսավ հեղեղի պես հոսել, ընկա մահճակալի վրա, ծածկեցի երեսս բարձերի մեջ և երկա՜ր, շա՜տ երկար իմ դառն ու հուսահատ վիճակը ողբացի։

Թե այնուհետև ի՞նչ խոսեց հայրս հյուրերի հետ, չիմացա, միայն նրանց հեռանալուց հետո, նա մտավ սենյակս, երևի ինձ մխիթարելու համար։ Տեսնելով, որ լալիս եմ, նա մոտեցավ ինձ, քնքշաբար սեղմեց յուր կրծքին և ասաց.