Էջ:Muratsan, vol. 2.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՛ լար, իմ սիրելի, իմ անուշիկ Աննա, եթե քո սիրած երիտասարդը մերժեց քեզ, ես էլ իմ կողմից քո վրեժը կլուծեմ: Քո հայրը մեռած պիտի լինի, որ նա այսուհետև հանգստություն գտնե… ես չարաչար կհալածեմ նրան, տանջանքներ կպատճառեմ և վերջը կոչնչացնեմ…

— Ի՞նչ, դու պիտի սպանե՞ս նրան,— ճչացի ես սարսափահար։

— Այո՛, բայց ո՛չ իմ ձեռքով,— պատասխանեց նա այնպիսի մի եղանակով, որ կարծես վրեժխնդրության դևն էր խոսում յուր մեջ։

Ես մի կողմ հրեցի հորս և ձեռքս կրծքիս դնելով՝ զայրույթից դողացող ձայնով ասացի.

— Առաջին գնդակն այստեղ ուղղել տուր, իսկ երկրորդը նրա վրա, հեռացի՛ր, դու իմ հայրը չես…

Իմ հանկարծական գրգռումը զարմացրեց հորս՝ նա մնաց շվարած և չգիտեր ի՞նչ պատասխանել։ Խե՜ղճ մարդ. ամեն տեսակ զգացմունքի վրա էլ նայում էր պատվասիրության տեսակետից՝ նա այնպես էր կարծում թե՝ սիրածս երիտասարդի մերժումը՝ զայրույթ կամ ատելություն պիտի ծնեցներ իմ մեջ. նա չգիտեր, որ ճշմարիտ սերն՝ ատելության չի փոխվիլ, որ մերժումը կարող է ճնշել, կամ խոցոտել այդ սերը, բայց սպանել նրան՝ երբեք… Երկար նայեց նա ինձ վրա, սևեռեց հայացքն ուղիղ իմ աչքերին, ցանկացավ, երևի, որ նրանք տեղի տային յուր հզոր հայացքին, բայց նրանք անքթիթ՝ արտահայտում էին իմ ցասումը…

Վերջապես նա մեղմանալով՝ մոտեցավ ինձ և այս անգամ ավելի քնքուշ ձայնով հայրցրեց.

— Ուրեմն, դեռ էլի սիրո՞ւմ ես նրան։

— Այո՛. և ես նրան իմ մահվան օրը կմոռանամ,— պատասխանեցի ջերմությամբ։

— Բայց նա քո հորն անպատվեց, քեզ անպատվեց…

— Նա չանպատվեց և ո՛չ մեկին։ Պետք է բավական բարձր և ազնիվ լինել նրան հասկանալ կարենալու համար: Նրա խոստովանությունն անկեղծ էր. նրա ուխտը սուրբ է: Մինչև այժմ ես սիրում էի նրան, իսկ այսուհետև՝ պիտի պաշտեմ…