Էջ:Muratsan, vol. 2.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն ես թշնամի չի՞ պիտի լինեմ այդ մարդուն,— հարցրեց նա։

— Երբեք,— պատասխանեցի ես։

— Բայց կարո՞ղ եմ չլինել. թույլ կտա՞ պատիվը։

— Եղի՛ր ուրեմն և իմ թշնամին, եթե այդ հաճելի է քեզ,— ասացի ես։

Հայրս ոչինչ չպատասխանեց և դուրս դնաց։

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ

Հարկ չկա ասելու, որ այս բոլորից հետո իմ դրությունն ավելի վատթարացավ։ Տխրությունը տիրեց ինձ բոլորովին, ծիծաղ ու խնդում չքացան ինձ համար. տուն ու ընտանիք ունենալս մոռացա, ինձ հետ խոսողներին կամ չէի լսում, կամ եթե լսում էի՝ չէի հասկանում։ Փախչում էի բոլորից և փակվում իմ սենյակում կամ մեր պարտիզի մի անկյունում առանձնանում անձնատուր լինելով խորին մտածության։ Իմ հիշողությունը բթացել, անզգայացել էր ամեն բանի համար, բայց չէր մոռանում միայն Գարեգնին և այն բոլորը, ինչ որ կապ ուներ Գարեգին անվան հետ։ Մտածում և երանում էի այն անցյալին, երբ նա իմ կողքին նստած այնքա՛ն մոտ, որ ես նրա շնչառությունն էի լսում, դաս էր խոսում ինձ։ Ես լսում ու նայում էի նրան անսահման սիրով, անհուն ցանկությամբ… հիանում էի, երբ նա ամբողջապես զգացմունք դարձած՝ խոսում ու քարոզում էր ինձ, կամ երբ ոգևորությունը վառում էր նրա աչքերում աշխույժի կրակը։ Երանում էի այն ժամերին, երբ սրտատրոփ սպասում էի նրան, կամ երբ նրա սիրալիր այցելությամբն արդեն գոհ ճանապարհում էի նրան՝ հուսալով մի օրից կրկին տեսնելու… Երբ հպարտացած նրան սիրելովս մտածում էի թե՝ նա իմն է հավիտյան, թե ոչ ոք ինձանից չէ կարող խլել նրան… Երանում էի նույնիսկ իմ տխրության այն օրերին, երբ նա, թեպետ ինձանից հեռացած, բայց դարձյալ նվազ հույս էր ներշնչում թե՝ այսօր չէ, վաղը, մի քանի օրից, կամ գուցե մի շաբթից՝ կգա ինձ տեսնելու։