Էջ:Muratsan, vol. 2.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի առավոտ միայնակ զբոսնում էի մեր պարտեզում և, իհարկե, դարձյալ Գարեգնի վրա մտածում։ Սպասուհիս մոտենալով հայտնեց, որ մի կին կամենում է ինձ տեսնել։ Հրամայեցի կանչել նրան։ Սա օրիորդական դպրոցի աղախինն էր, որ մոտենալով՝ մի նամակ հանձնեց ինձ։ Դեռ չհարցրած թե ո՞ւմնից է նամակը, նա անհետացավ։ Բանալով ծրարը, զարմացա, տեսնելով որ գրողը Գարեգինն էր: Սիրտս թունդ ելավ ու սկսավ սաստիկ տրոփել։ Ի՞նչ է գրում նա ինձ, ի՞նչ կարող է գրել… մտածեցի ես վայրկենապես և ապա շտապով սկսա կարդալ նամակը, որը մոտավորապես, հետևյալ բովանդակությունն ուներ։

«Ազնիվ օրիորդ.

«Բարի մարդկանց մեքենայությունների շնորհիվ ստիպված եմ հեռանալ ձեր հայրենի քաղաքից, որի հետ սիրտս կապված է ամենաքաղցր հիշատակներով։ Սակայն, այստեղից հեռանալուց առաջ, փափագելով փափագում եմ տեսնել և իմ հրաժեշտի ողջույնը տալ ձեզ։ Բայց որովհետև ձեր տուն մտնելն անհնար է ինձ՝ այն ակամա վիրավորանքի պատճառով, որ ես ստիպված հասցրի ձեր ծնողներին, ուստի խնդրում եմ, եթե ձեզ նույնպես ցանկալի է գեթ վերջին անգամ տեսնվել ինձ հետ, բարեհաճեք այսօր ևեթ մի քանի վայրկյանով մտնել օրիորդական դպրոցն, ուր գտնվում եմ այժմ և ուր կսպասեմ ձեզ մինչև ժամը տասներկուսը»։ Ստորագրված էր՝ «Ձեզ նմանավիշտ Գարեգին»։

Ի՞նչ եղա ես այդ րոպեին, չեմ կարող ասել։ Մի քանի տեսակ զգացմունքներ միասին թունդ ելան իմ սրտում՝ և՛ ուրախություն, և՛ վարանք, և՛ երկյուղ, և՛ տխրություն… բոլորը միմյանց հակասելով, մինը մյուսին ետ կամ առաջ մղելով… Ուրախանում և հրճվում էի՝ մտածելով, որ ուրեմն, խաբված չեմ, որ Գարեգինն ևս սիրում է ինձ, կամենում է տեսնել, յուր հրաժեշտի ողջույնը տալ ինձ։ Այդ պատճառով ուզում էի իսկույն ևեթ թռչել նրա մոտ, մի անգամ էլ տեսնել, մի անգամ էլ լսել նրան… Բայց վարանում էի իմ որոշման մեջ՝ մտածելով թե՝ արդյո՞ք դա պատշաճից դեմ, կամ նույնիսկ վիրավորական չի՞ լինիլ իմ ծնողների պատվի