Էջ:Muratsan, vol. 2.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Դրա պատմությունը հայտնի է ձեզ այնպես, ինչպես էլ ինձ. այն նորոգելու, իհարկե, կարիք չկա։ Բայց ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել նկատմամբ մի հանգամանքի, որին անծանոթ եք դուք և որը վերաբերում է ձեր հարգելի հոր ինձ արած առաջարկության։ Այդ առաջարկությունը, սիրելի օրիորդ, որքան էլ գերազանց և ինձ պատվաբեր, այսուամենայնիվ, մեծ վիշտ պատճառեց սրտիս նրա համար, որ այդ եղավ ձեր ներկայությամբ և որ ես ձեր ներկայությամբ էլ ստիպվեցա մերժել այն՝ շատերին ցանկալի՝ մեծագին պատիվը։

«Քանի որ դուք գիտեք այն ամենը, ինչ իմ մերժման է վերաբերում, ես կամենում եմ, գնալուց առաջ, իմացնել ձեզ նաև այն, ինչ որ դեռ չգիտեք, որպեսզի դրանով հանգստություն տամ մի փոքր իմ չարատանջ սրտին։

«Իմ մերժումը լսելով՝ դուք անշուշտ համոզվեցաք թե՝ շնորհներից քաղցրագույնը այսքան կոպտությամբ մերժող մարդու մեջ ոչ սիրտ կարող է լինել և ոչ զգացմունք և գուցե անիծեցիք այն սուրբ, բոցավառ սերը, որ տածել եք ինձ համար»։

— Երբե՛ք, երբե՛ք,— ընդհատեցի ես ջերմությամբ,— այդպիսի աննպաստ կարծիք ձեր նկատմամբ չեմ ունեցել. ես, մինչև անգամ, հաստատ հավատում էի…

— Վերջացրեք, օրիորդ, դուք ուրեմն հաստատ հավատում էիք թե՝ ես նույնպես սիրում եմ ձեզ։

— Այո՛։

— Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ, դուք ինձ մխիթարեցիք. այժմ ես հանգիստ եմ,— ասաց Գարեգինը մի առանձին խնդությամբ և ապա շարունակեց.— այժմ լսեցեք։ Ես վաղուց արդեն անտարբեր չէի դեպի ձեզ։ Ես չկարողացա փակել իմ աչքերը՝ ձեր գրավիչ գեղեցկությունն ու կախարդող հայացքը չտեսնելու համար, բթացնել իմացականությունս՝ ձեր ներքին արժանիքն ու փայլուն բարեմասնությունները չճանաչելու համար կամ խեղդել զգացմունքս՝ ձեզ չսիրելու և չպաշտելու համար… Գիտե՞ք, մինչև ձեր ինձ սեր խոստովանելու օրն՝ իմ հոգին բյուր անգամ խոստովանել է ձեզ այն՝ լռիկ և անձայն…