Էջ:Muratsan, vol. 2.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինձ ընդունակ եք համարում այդ բանին,— հարցրի ես հուզվելով։

— Ժամանակը մոռացնել կտա ամեն ինչ,— հարեց նա,— և այդ անհրաժեշտ է։ Մի լավ մայր լինել, կնշանակե ամեն բան լինել։

— Երբե՛ք, երբե՛ք. իմ կյանքում միայն ես ձեզ սիրեցի և այդ սերն էլ ինձ հետ գերեզման կտանեմ,— ասացի ես ջերմությամբ։

— Դուք այդ չեք անիլ և չեք կարող անել։

— Երդվում եմ իմ այս անդրանիկ սիրով. երդվում եմ և չեմ դրժիլ երդմանս։

— Ի՞նչ պիտի անեք ուրեմն։

— Ա՛յն, ինչ որ դուք։

— Մի երիտասարդ կարող է վարդապետ լինել, իսկ մի աղջի՞կ…

— Միանձնուհի։

— Թողե՛ք, ի սեր աստուծու, այդ ցնորքը։ Ի՞նչ պիտի անեք կուսանոցի բորբոսնած պատերի մեջ։ Ինչո՞ւ այդ պայծառ կյանքը խավարեցնել, մտածելու ընդունակ ուղեղը բթացնել, գործելու կարող աշխույժը մարել, սիրելու ընդունակ սիրտը սպանել… ինչո՞ւ, վերջապես, կենդանի թաղվել գերեզմանում այն ժամանակ, երբ ուրիշներն ապրում ու վայելում են աստուծո լույսն ու արևը, զգալ, որ կարող ես նույնն անել և դու, բայց սիրտդ սեղմելով` զրկվիր այդ հաճույքից…

— Բայց ես չեմ դրժիլ երդմանս, չեմ սիրիլ ոչ ոքին, ցույց տվեք ինձ, ուրեմն, այս աշխարհից փախչելու մի ուրիշ ճանապարհ, ապա թե ոչ, ձեր հեռանալուց հետո ես կսպանեմ ինձ,— ասացի հաստատ ձայնով։

Գարեգինը նայեց ինձ մի վայրկյան սառը և խորախորհուրդ և ապա քաղցրությամբ նկատեց.

— Անձնասպանության մասին մտածելը փոքրոգություն է. աշխատեցեք չլինել փոքրոգի։ Ով որ չէ ուզում ապրել և դեպի մարդիկ ունեցած յուր պարտքը կատարել, նա մի դասալիք է, որ թշնամու զորությունից վախենալով՝ թողնում է ընկերներին կռվի դաշտում և ինքը փախչում։