Էջ:Muratsan, vol. 2.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այդպիսի ճանապարհով ձեռք բերած փրկությունը՝ մահերից անարգն է. այդպիսի փրկության մի՛ ձգտիք երբեք։

— Ի՜նչ անեմ ուրեմն… ցույց տվեք իեձ ազատության մի ուրիշ ճանապարհ. այս աշխարհում, այս մթնոլորտում ես այլևս չեմ ապրիլ, զի ձեզանից հետո նա ինձ համար պիտի դառնա կատարյալ դժոխք…

Գարեգինը մի քանի րոպե մնաց լուռ և աչքերը գետնին հառած մտածում էր։ Ապա դառնալով ինձ, հարցրեց.

— Ունի՞ք բավական ուժ ձեր ուխտին հաստատ մնալու։

— Կարող եմ պարծենալ,— պատասխանեցի ես։

— Ուրմեն, համաձայն եմ, ուխտեցեք «միանձնուհի» լինել։

— Ինչպե՞ս,— վարանելով հարցրի ես,— չէ՞ որ դուք այդ կոչումը դատապարտեցիք։

— Այո՛, բայց այն ժամանակ իմ խոսքը անգործության մեջ իրեն սպանող միանձնուհու մասին էր։ Հեռացեք աշխարհից, բայց մի՛ մտնեք կուսանոց։ Գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը։ Գնացեք այնտեղ ուր տգիտությունը բռնացած քանդում, ավերում է, ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի։ Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին։ Սովորեցրեք նրանց ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար։ Ուսուցեք նրան՝ հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջե։ Եվ ահա այդ ժամանակ ձեր ուխտը սուրբ և նվիրումը պաշտելի կլինի:

Ես ուրախությունից վեր թռա տեղից, բռնեցի Գարեգնի ձեռքը և ջերմությամբ սեղմելով այն, բացականչեցի։

— Շնորհակալ եմ, իմ ազնիվ, իմ միակ սիրելի Գարեգին, շնորհակալ եմ այդ գեղեցիկ խորհրդի համար, որով սովորեցնում եք ինձ առավել բարձրագույն սիրո հետ փոխանակել ձեզ համար զգացածս անվախճան սերը։ Ես հիացած