Էջ:Muratsan, vol. 2.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կալվածները, տան սարք ու կարգը, նույնիսկ իմ ունեցած զարդերն ու հագուստները և ա՛յն ամենը, ինչ որ գյուղ տանել, կամ գյուղում գործադրել չէի կարող և բոլոր գումարված փողը ավանդ տվի իմ հիշյալ ազգականին, որ վերին աստիճանի ազնիվ ու վստահելի լինելուց զատ, չափազանց համակիր էր նաև իմ գաղափարներին։

Երբ ամեն բան պատրաստել էի գյուղը քաշվելու համար, հենց այդ ժամանակ իմացա, որ իմ սիրելի ուսուցիչն արդեն վարդապետական կոչում է ստացել Երուսաղեմում, ուր նա խույս էր տվել ճակատագրի հալածանքից ազատվելու համար։ Այս լուրն անսահման ուրախություն պատճառեց ինձ։ Ուրեմն մենք երկուսս նվիրվում էինք մեր ուխտին գրեթե միաժամանակ։

Գործերս կարգի բերելուց հետո ես միայն մի քանի շաբաթ մնացի բարեկամներիս հետ։ Ապա պատրաստել տվի ինձ համար միանձնուհու սև սքեմ և այդ սքեմով էլ դուրս եկա քաղաքից։

Վերջին անգամ իմ ծնողաց գերեզմանին այցելելով և վերջին անգամ նրանց շիրիմները համբուրելով՝ ես ճանապարհվեցա դեպի այս գյուղը՝ ընկերակցությամբ մի գյուղացու, ռր առաջին անգամ հանդիպելուց՝ ինձ ճանաչեց իբրև միանձնուհի, կամ ինչպես ինքն էր ասում՝ «ապաշխարող»։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ

Երբ այստեղ մտա, ինձ գրեթե ոչ ոք չճանաչեց, չնայելով, որ երկու տարի առաջ այս գյուղումն էի եղած մորս հետ։ Իմ առաջնորդի նման՝ գյուղացիներն ևս ընդունեցին ինձ իբրև իսկական միանձնուհու և սկզբից արդեն վերաբերվեցան ինձ հարգանքով։

Առաջին ծանոթս տեր-Հովսեփը եղավ, որի տանն էլ իջևանեցի։ Բայց մինչև մի որոշ գործի ձեռք զարնելս, ոչ ոքի ոչինչ չհայտնեցի իմ դիտավորության մասին։ Այժմյան եկեղեցուց ոչ հեռի՝ վարձեցի մի սենյակ և սկսա ապրել