Էջ:Muratsan, vol. 2.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնտեղ իբրև մի ճշմարիտ «ապաշխարող»։ Իմ բնակարանը թեպետ գյուղի մեջ եղածներից լավագույնը, սակայն նա ոչ այլ ինչ էր, եթե ոչ խոնավ, մութ, փոքրիկ պատուհաններով մի խցիկ։ Դուրս գալ քաղաքի փառավոր տանից և ապրել գյուղի այդ տեսակ մի հյուղում, դա արդարև չափազանց զգալի էր ինձ համար։ Ես դժվարությամբ էի շնչում այդտեղի խեղդված օդը և առավել ևս դժվարությամբ ընտելանում ինձ շրջապատող աղքատությանը։ Երբեմն մինչև անգամ զղջման նման մի բան կարծես կամենում էր իմ կամքի հաստատությունը սասանել։ Բայց երբ մտածում էի, որ այս ամենը դեռ «սկիզբն է երկանց», որ իմ ուխտին հավատարիմ մնալու համար դեռ պետք է ուրիշ շատ նեղությունների հանդիպեմ և որ վերջապես այս բոլորն այն մեծ ու սուրբ գործի համար է, որին նվիրվել է և իմ սիրելի ուսուցիչը և որն, անշուշտ, նստած է այդ րոպեին նույնպես մի խցում, այն ժամանակ նորեն արիություն էր գալիս վրաս, ես սկսում էի սիրել իմ մութ, աղքատիկ բնակարանը, իմ սև և տխուր սքեմը, իմ մենավոր, անապճույճ կյանքը։

Ավելի շատ մխիթարվում էի, երբ, դուրս գալով իմ տնակից, մտնում էի գյուղական խղճուկ եկեղեցին աղոթելու և ապա պատահելով գյուղացիներին ու գեղջկուհիներին՝ խոսակցում էի նրանց հետ իրենց ցավերի և կարոտությունների մասին։ Նրանց պարզ և անկեղծիք բնավորությունը, մտերմական, բայց համեստ զրույցները, անմեղ և շատ անգամ նախապաշարմունքով լի դատողությունները ինձ և՛ հիացնում, և՛ զվարճացնում էին։ Մի քանի ամիս շարունակ ես ուշադրությամբ դիտում և ուսումնասիրում էի գյուղացիների բնավորությունը, նիստ ու կացը, սովորությունները, ընտանեկան հարաբերությունները։ Հետո կամաց-կամաց սկսա մտնել ընտանիքների մեջ և աշխատել կապել նրանց ինձ հետ՝ օգնելով յուրաքանչյուրին երբեմն խորհուրդներով, իսկ հաճախ՝ գործով։

Ամենից առաջ ես ուշադրություն դարձրի գյուղի աղքատ և անօգնական ընտանիքների վրա և նրանցից յուրաքանչյուրի կարոտության չափն իմանալուց հետո, հորդորեցի հարուստ գյուղացիներին՝ օգնել նրանց ինչ բանով որ