Էջ:Muratsan, vol. 2.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց գյուղացիներին էլ հորդորեցի մասնակցել գործին իրանց նպաստներով։ Եվ այդ՝ ոչ թե նրա համար, որ իմ նյութական ուժը չէր բավում ամբողջ շինությունն ավարտելու, այլ որպեսզի նրանք հասարակական գործի համար զոհաբերություն անելը սովորեին։ Այդ առաքինությունը, մանավանդ, անծանոթ էր այն ժամանակ այս գյուղացիներին, գոնե այն չափով, որպիսին ես էի պահանջում։ Բայց բարի օրինակը վարակիչ դարձավ։ Զարմանալի եռանդով ու ոգևորությամբ ձեռք զարկեցին նրանք գործին, ինչպես այդ անում են, առհասարակ, եկեղեցու շինության համար և շուտով ավարտեցին այն։

Ուսումնարանի շինությունն ավարտելուց և ուսման գործը կանոնավոր ընթացքի մեջ դնելուց հետո, ես քահանայի հետ շրջեցի մոտակա գյուղերը և ամեն տեղից էլ աշակերտներ հավաքեցի, որպեսզի մեր դպրոցից միայն այս գյուղը չօգտվեր, այլ ուրիշներն ևս շահվեին։ Այսպիսով, մեր գործը հետզհետե ընդարձակվելով եկավ հասավ նախանձելի դրության։ Այնուհետև աշխատեցի ուրիշ գյուղերից բերած մի քանի ուշիմ աշակերտներից ուսուցիչներ պատրաստել և նույնիսկ իրենց գյուղերում փոքրիկ դպրոցներ հիմնելով նրանց կառավարության հանձնել, հարկավ իմ անմիջական հսկողության ներքո։ Այդ գործն ևս, ահա՛ քանի տարի է, շարունակվում է արդյունավոր կերպով։

Երբ դպրոցական գործը հաստատուն հողի վրա դրվեցավ, ես ուշադրություն դարձրի գյուղական եկեղեցու բարեզարդության վրա։ Ոչ մի հաստատություն այնքան մոտիկ չէ գեղջուկի սրտին, որքան եկեղեցին, և ոչինչ այնքան չէ վառում, բորբոքում նրա սիրտն ու հոգին, մեղմում բարքի կոշտությունը, սանձում կրքերը և ընդունակ դարձնում նրան բարիք գործելու, որքան ախորժալուր երաժշտությունը, հանդիսավոր պատարագը և մշտամրմունջ աղոթքները։ Նրանք, որոնք այս ժողովրդին վայրենի են համարում և անընդունակ՝ բարվո և գեղեցկի արժանիքը հասկանալու, չարաչար սխալվում են։ Գյուղացին, ճիշտ է, լեզու չունի յուր զգացածն արտահայտելու և ոչ էլ շնորհք՝ նույնիսկ հիացման և հափշտակության ժամանակ յուր դեմքին քնքուշ