Էջ:Muratsan, vol. 2.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես հասկանում եմ, օրիորդ. դուք կամենում եք ասել, թե ես ձեզ հարգում եմ, բայց չեմ սիրում, այնպես չէ՞։

— Ոչ, այդ էլ չէ… ես չեմ ասում, թե չեմ սիր… ա՛խ, բայց գիտեք… ա՜խ, ես ամաչում եմ…

— Ուրեմն դուք ինձ սիրում եք, աստված իմ, ասացեք, Ամալիա, ասացե՛ք, որ դուք արդարև սիրում եք ինձ,— ոգևորված բացականչեց երիտասարդ իշխանը և հանկարծ, առանց քաշվելու, գրկեց օրիորդի փափուկ մեջքը, ամուր սեղմելով նրան յուր կուրծքի վերա։

— Ախ, դուք անխոհեմ մարդ,—շշնջաց օրիորդը և արագությամբ դուրս խլվելով երիտասարդի գրկից, շառագունած դեմքով նստեց սենյակի անկյունում դրված բազմարանի վերա։

— Ամալիա՛, իմ հրեշտակ, մի զայրանաք իմ վարմունքի վերա,— աղաչավոր ձայնով մոտեցավ իշխանը օրիորդին,— դուք ա՛յնքան գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք, որ ես չեմ կարող անտարբեր սրտով նստել ձեր առաջ, մի նեղանաք իմ վարմունքից, նեղացեք ձեր աստվածային աչքերի ազդեցությունից. ապառաժն անգամ կփշրվեր նրա առաջ, ո՞ւր մնաց ես, մի թույլ և զգայուն արարած, որ ստեղծված եմ միմիայն սիրելու համար։

Օրիորդը լուռ էր. նա չէր կարողանում նայել յուր երկրպագուի կրակոտ աչքերին, որոնց մեջ այդ րոպեին վառվում էր մի կատարյալ հնոց։

— Դուք չեք խոսում, Ամալիա, բայց գոհ եմ, որ գոնե լսում եք ինձ,— շարունակեց երիտասարդը նույն եռանդով.— ես կամենում եմ ասել ձեզ բոլորը, ինչ որ ամբարված է այս անուժ սրտի մեջ։ Ես ձեզ սիրում եմ, Ամալիա, սիրում եմ հոգվո բոլոր զորությամբ, իմ սրտի բոլոր կարողությամբ։ Այն օրից սկսած, որ ես ձեզ առաջին անգամ տեսի այն հացկերույթի վերա և առաջին անգամ լսեցի ձեր հրեշտակային ձայնը, մի հրեղեն շանթ խլվելով այդ դիցական աչքերից՝ պլպլվեցավ իմ խեղճ ու տկար սրտին, և այն օրից սկսած նա այրվում, խորովվում է ձեր սիրո անշեջ կրակով… Գթացեք ինձ վերա, օրիորդ, գթացե՛ք իմ խեղճ սրտին, նա արժանի է ձեր կարեկցության…