Էջ:Muratsan, vol. 2.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգիս, որ տոգորված էր միայն գործելու տենչով։ Իսկ ա՞յժմ… Աստված իմ, որքա՜ն շատ եմ փոխվել… էլ կյանքն ու գործը չեն գրավում ինձ. անհաջողությանը դեմ այնքա՜ն ուժգին մաքառող կամքս էլ չէ վառում իմ եռանդը, որ մոտ է մարելու… Ձեզ հայտնի հարվածից ես այնպես ընկճվեցա, ինչպես փոթորկից բարեբեր ծառը, որ արմատահան լինելով՝ դառնում է անընդունակ ապրելու և պտղելու բայց ինչո՜ւ այս աստիճան… Երբեմն այս մասին մտածում եմ ժամերով և ապա գալիս տխուր հետեվանքի.— ինձ համար հետզհետե պարզվում է մի հարց, որի մասին առաջ ես չեմ մտածել, կամ գոնե ինձ թվում է թե՝ չեմ մտածել։ Այդ այն է, որ ես այժմ ինձ տեսնում եմ անզոր այլևս արգելքի դեմ մաքառելու և դրա պատճառը համարում եմ այն, որ իմ մեջ տակավին ապրում է կինը, նա, որին մեծ բանաստեղծը իրավամբ է անվանել թուլություն: Որքա՞ն է ուղիղ իմ հայացքը այս խնդրի վրա, չգիտեմ, ես կպատմեմ ձեզ իմ կրածն ու զգացածը այս վերջին ամիսներում և դուք նրանից ձեր եզրակացությունն արեք։ Բայց… ձեռքս հոգնեց, գլուխս պտտում է… խոսենք այս մասին վաղը։

«4 հոկտ.

«Դեռ մի տարի սրանից առաջ որքա՜ն ինձ ուժեղ և անընկճելի էի համարում, որքա՜ն մեծ փափագ ունեի ապրելու, որովհետև ընտրածս ասպարեզի վրա տակավին կատարելու գործեր ունեի։ Հիշում եմ, նույնիսկ ձեր հեռագրին տված իմ պատասխանում ասում էի թե՝ «այժմ իմ մեջ վառվում է գործելու նոր եռանդ, վասնզի արժանիքն արդեն գնահատվել և ճշմարտությունը հաղթանակել է և թե ուրեմն սրա զինվորները կարող են պարծենալ և քաջալերվիլ»։ Այ զինվորների շարքում, հարկավ, թվում էի և ինձ… Բայց ավա՜ղ, չանցավ մի չնչին միջոց և ահա մենք զգացինք, թե որքա՜ն վաղաժամ էր մեր ուրախությունը, թե որքա՜ն զուրկ էինք մենք ոգևորվելու և նույնիսկ հուսալու իրավունքից… Այսպիսի դեպքում ի՞նչ է անում արդյոք ուրիշ երկրում կինը, այն տկար արարածը,