Էջ:Muratsan, vol. 2.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառնեն վշտացած հոգիները, նորեն կվերածնվին և վեհ մտքերը, և մեծ հույսերը… Եվ ամենքը միահամուռ, մի սիրտ և մի հոգի՝ կփարին իրենց լուսածին մորը, կտան նրան սիրո կաթոգին համբույր և նրանից կառնեն լույս, ջերմություն և կենդանություն…։ Այս ոգևորված մտորումների ժամանակ, մի հանդուգն զգացմունք խտտղում էր սիրտս և լցնում այն անբացատրելի երանությամբ։ —Ես մտածում էի թե՝ ինչպիսի հոգեկան հրճվանքով պիտի գգվեմ այն միտքը, թե այս մեծ անձը, որ այնքան առաքինաբար յուր նվիրման ընթացքը կատարեց և որքան զոր շնորհներով զարդարվելով ազգի միահամուռ ընտրության արժանացավ, այս վեհ անձը, որ այսօր մեր հոգևոր կյանքի նավը վարում է այսքան իմաստնաբար և հմտորեն հեռացնելով խարակներից ու խութերից՝ ուղղում է դեպի հուսո, սիրո և հավատո անգութ նավահանգիստը. այս անձը, որին սիրում է ամեն ազնիվ հայի սիրտ և որի մեջ նա յուր լավագույն իղձերն ու հույսերն է ամփոփում, սա նա է, որին իմ սիրտը սիրեց, որին իմ հոգին փարեց ջերմագին…։ Ապա այս քաղցր ցնորքներին հաջորդում էր մի ուրիշը, առավել քաղցրագույնը.— Ես մտածում էի, թե կհասնե և այն օրը, երբ վեհը կելնե յուր վիճակը պտտելու, յուր ժողովուրդն ու նրա չարն ու բարին տեսնելու։ Եվ այդ ժամանակ նա կմտնե նաև հին Սյունյաց աշխարհը, կայցելե նրա լեռներին ու հովիտներին, նրա հեռավոր, բայց սիրազվարճ գյուղերին, Նա կհանդիպե նաև մեր այս ավանը, ուր կգտնե ինձ՝ յուր նախկին աշակերտուհուն… Նա կտեսնե նրան՝ աշխարհից հեռացած սև սքեմ հագած և յուր իմաստուն խորհրդով ժողովրդին նվիրված… Կտեսնե նաև այդ նվիրման արդյունքը — իմ ստեղծած գործերը, իմ աշխատությանը պտուղները և դրանց արժեքը արդարությամբ գնահատելով, կօրհնե ինձ, կօրհնե իմ գործերը և այն վայրկյանը, երբ յուր սիրո կայծը վառեց իմ հոգին և պատճառ եղավ այսքան բարիքների… օ, կարո՞ղ եք զգալ չափն այն բերկրանքի, որ լցնում էր սիրտս նման վայրկյաններում և մոռացնել տալիս ինձ այն բոլոր վշտերն ու նեղությունները, որ երբևիցե կրել եմ իմ կյանքում։ Եվ ի՞նչ կանվանեիք դուք այս զգացմունքը. եսասիրությու՞ն, թե սնափառություն, ինձ թվում է թե՝ ոչ մեկն է և ոչ մյուսրը