Էջ:Muratsan, vol. 2.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ո՛չ ձգտումները, որովհետև օրիորդը միշտ կոճկված էր լինում նրա մոտ։ Կընդունե՞ր արդյոք յուր առաջարկությունը, թե ոչ, հայտնի չէր։

Եվ արդարև այսպիսի դիպվածում, ոչինչ այնքան դժվար չէ, որքան ամուսնական մի առաջարկություն. այդ կնշանակի ուղղակի պահանջել մարդիկներից, որ հավատան յուր աներևույթ բարեմասնություններին, յուր հոգեկան արժանավորությանը և կամ հավանեն յուր արտաքին կերպարանքին, ինչպես մի ծախու հանվող արձանի, որին քանդակագործը հանում է հրապարակ, ի տես ժողովրդյան։ Բոլորովին ուրիշ պայմաններ ունի այն մարդու գործը, որ այս կամ այն հանգամանքի շնորհիվ սիրվել է մի աղջկանից, նրա գործը ստեղծում և պսակում է նույն ինքն սերը, առանց նեղություն պատճառելու մեկին, կամ մյուսին։

Բայց ինչպես էլ որ լիներ, Մաշտոցյանը պիտի վերջ տար այդ տարտամ դրությանը. նա որոշեց անմիջապես դիմել իրեն օրիորդին։

Օրը կիրակի էր, բայց դեռ ոչ ոք չէր այցելել Ագապյաններին։

Օրիորդ իշխանուհին միայնակ նստած գիրք էր կարգում, երբ ներս մտավ Մաշտոցյանը։ Սովորական ողջույնից ետ երիտասարդը նկատեց.— Առաջին անգամ է, որ պատահում եմ մի աղջկա, որը դաշնակահար լինելով հանդերձ՝ սիրում է ընթերցանություն:

— Փոփոխություններն առույգացնում են կյանքը, միօրինակությունն է, որ անշարժություն և հետևապես մեռելություն է առաջացնում,— ժպտալով պատասխանեց օրիորդը։ 

— Այդ ճշմարիտ է, բայց ես կարծել եմ, որ երաժշտությունը նույն ինքը մարմնացյալ փոփոխություն է։

— Գուցե միայն լսողների համար, բայց նվագողներն այդ կարծիքը չունեն նրա մասին:

-Ի՞նչ եք կարդում դուք։

-Մի ռոման, ուր ինչպես միշտ երգվում և չարչարվում է սերը։

-Դուք ուրեմն սիրո՞ւմ եք սիրահարական ռոմաններ։

-Այո՛, ինձ զվարճացնում են սիրային արկածները: